Արդյոք ռուսական կողմը ադրբեջանական կողմից պահանջո՞ւմ է վերադառնալ ելման կետեր, թե՞ ոչ. սա թերևս ամենակարևոր հարցն է: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ հավելելով, որ մարտի 24-25-ի իրադարձությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները գտնվել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։
«Այստեղ գնահատականների, սուբյեկտի մոտեցումների խնդիր չկա ու չի կարող լինել։ Սա իրողություն է։ Հայկական կողմը շատ կառուցողական է եղել բոլոր մակարդակներում դաշնակից Ռուսաստանի հետ, և մասնավորապես Արցախի հետ կապված իրավիճակում»,-ասաց Աղաջանյանը՝ ավելացնելով, որ եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանը Արցախում հայ բնակչության անվտանգության երաշխավորն է։
Նրա խոսքով, այս իրողությունից ելնելով նաև հայ հասարակության մոտ օբյեկտիվ հարցեր են առաջանում՝ իսկ ինչո՞ւ ռուսական կողմը չի կարողանում կամ գործանականում չի արդարացնում այն ակնկալիքները, որոնք ունի պաշտոնական մակարդակում հայկական կողմը:
«Պետք է նախ արձանագրել, որ ռուսական կողմից մինչ այս պահը որևէ պաշտոնական դիրքորոշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ չկա: Մենք ակնկալում ենք, որ նման դիրքորոշում կլինի մոտ ապագայում, և իհարկե, ցանկալի է, որ դիրքորոշումը լսենք ստեղծված իրավիճակի կարգավորումից հետո, երբ ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան իրենց նախկին ելակետեր»,-ասաց Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊԲ-ն հայտնել էր՝ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: