Երեկ «արցախյան վստահելի աղբյուրին» հղում անելով՝ հայ մամուլը ավետել էր, որ Պուտինն անձամբ Շոյգուին հանձնարարարել է զբաղվել Քարագլխով, վերջինս էլ օդանավեր է բարձրացրել, զորաշարժեր արել եւ սպառնացել Բաքվին՝ հետ քաշել զորքերը ելման դիրք։ Այս անհեթեթությունից հետո «արցախյան վստահելի աղբյուրն» այսօր քիչ ինչ մեղմել է տոնը՝ «ռուսական խաղաղապահները թույլ չեն տալիս հերթափոխ իրականացնել եւ կապ պահպանել ադրբեջանական բազայի հետ։ Սա հույս է ներշնչում, որ նրանց պաշարը շուտով կվերջանա, եւ ինքնակամ կվերադառնան ելման դիրք։ Երկու օր է՝ ռուսական կողմը բազմապատկել է իր խաղաղապահների ներկայությունն այդ տարածքում՝ այլ կետերից տեղափոխելով, որոնք հսկում են եւ թույլ չեն տալիս, որ «պերեսմենկա» արվի։ Զուգահեռաբար շարունակում են բանակցել ադրբեջանցիների հետ» (Հրապարակ)։
«Արցախյան վստահելի աղբյուրի» տեղեկատվությունը համընկնում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունների տոնայնության հետ․ ՌԴ ՊՆ-ն առաջին հաղորդագրության մեջ պնդել էր ադրբեջանական զորքերի նահանջը ելման դիրքեր, երկրորդ հաղորդագրության մեջ արդեն այդ պահանջը հանված էր։ Արցախյան աղբյուրից պարզվում է, որ հիմա հույսը ադրբեջանցիների սովածանալն ու ինքնակամ հեռանալն է։
ՌԴ ԱԳՆ հայտարարությունն ավելի ուղիղ էր՝ հայերին կոչ էր արվում մնալ եռակողմ հայտարարության շրջանակներում։ Դրությունն արագ «եռակողմ հայտարարության պահպանմանը» վերադարձնելու կոչերը Մոսկվայի երաշխիքներն են Բաքվին, որի ձեռքերն այդ հայտարարությունից ազատվել են Պուտին-Ալիեւ ռազմավարական համագործակցության փաստաթղթով։
Ասկերանի շրջանում Բաքվի ներխուժման մանրամասները բոլորին հայտնի են, նրանց նպատակը ոչ թե Փառուխի «ավերակներն» են, ինչպես արտահայտվել էր ՌԴ ՊՆ-ն, այլ Քարագլխի տարածքը, դեպի ուր նրանց համար ճանապարհ են բացել ռուս «խաղաղապահները» բառի բուն եւ այլ իմաստներով։ Սա Արցախի հայաթափման ծրագրի իրագործման մասն է, ռուսների ու Բաքվի «տարաձայնությունները» վերաբերում են ընդամենը ժամկետներին։ Բաքուն բնականաբար շտապում է, մի շարք հանգամանքների նկատառումով։
Հայերին այս իրավիճակին համակերպելու եւ պահանջներից ու նախաձեռնություններից հետ պահելու փորձեր են արվում, եւ հայ մամուլով տարածվող նման տեղեկություններն այդ տրամաբանության մեջ են՝ Ռուսաստանին պատասխանատվությունից ազատելով։