Ռուսական զորքերը պատրաստվում են Ուկրաինայի դեմ նոր հզոր հարվածների. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 2-ի գիշերվա տեսաուղերձում։
«Մեր երկրի արևելքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Ռուս զինվորականներին քշում են դեպի Դոնբաս՝ Խարկովի ուղղությամբ։ Նրանք պատրաստվում են նոր հզոր հարվածների։ Մենք պատրաստվում ենք էլ ավելի ակտիվ պաշտպանության։ Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները՝ և՛ ներքին, և՛ արտաքին։ Պարտադիր»,- Ուկրաինայի նախագահի խոսքերն է մեջբերում «Ուկրաինսկայա պրավդան»։
Վլադիմիր Զելենսկին ևս մեկ անգամ ընդգծել է. «Առջևում դժվար մարտեր են սպասվում։ Դեռևս անհնար է մտածել, որ մենք արդեն անցել ենք բոլոր թեստերը։ Մենք բոլորս ցանկանում ենք հաղթել։ Բայց երբ դա լինի, բոլորը կտեսնեն, բոլորը կզգան, որ խաղաղությունը գալիս է»: