Չորսամյա Սաշային մահացած են գտել Կիևի մարզում: Նա մարտի կեսերից հետախուզվում էր որպես անհետ կորած: Վիշգորոդից իր տատիկի հետ տարհանվելու ժամանակ Երեխան անհետացել էր: Ողբերգական լուրը Instagram-ում հայտնել է նրա մայրը՝ Աննան։

«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնեցին փնտրել տղայիս, շնորհակալ եմ ձեր աղոթքների և աջակցության համար։ Սաշան՝ մեր փոքրիկ հրեշտակն, արդեն դրախտում է: Այսօր նրա հոգին խաղաղություն է գտել»,- գրել է երեխայի մայրը, փոխանցում է Украинская правда-ն։

Սաշան տատիկի հետ եղել է Կիևի մարզի Վիշգորոդի շրջանում, երբ սկսվել է լայնածավալ պատերազմը։ Ռուս զինվորականները ռմբակոծել են գյուղը, պայթեցրել կամուրջներն ու փակել ճանապարհները, ասել է երգիչ Ալեքսանդր Պոնոմարյովը։

Այնուհետեւ տեղացիները որոշել են երեխաներին ու կանանց տարհանել նավով Ռովժի գյուղի ուղղությամբ։


Մարտի 10-ին Կիևյան ծովով պետք է անցներ երկու նավ, սակայն դրանցից մեկը շրջվել է, իսկ փոքրիկ Սաշան հենց այդ նավի մեջ է եղել։ Ավելի ուշ փրկարարները գտել են նաև երեխայի տատիկի դին, սակայն տղայի մասին ոչինչ հայտնի չի եղել, ուստի ընտանիքը շարունակել է որոնողական աշխատանքները։

Ծնողները մտածել են, թե Սաշան ողջ է, քանի որ նա եղել է փրկարարական բաճկոնով, բայց ցավոք, երեխային փրկել չի հաջողվել։