Այսօր ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրն է: Տոնական միջոցառումներին ներկա էին ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, կառավարության անդամներ և այլ բարձրաստիճան հյուրեր:

Վարչապետ Տ. Սարգսյանը, ԱԻ նախարար Ա. Երիցյանի և մյուս հյուրերի ուղեկցությամբ, շրջեց նախարարության շենքում՝ ծանոթանալով աշխատանքային պայմաններին և նորագույն տեխնիկական սարքավորումներով հագեցած խորհրդակցությունների սրահին: Տեղում առցանց կապ հաստատվեց ԱԻՆ մարզային ստորաբաժանումների հետ: Նախարարը վարչապետին զեկուցեց վերջին ձեռքբերումների մասին՝ շեշտելով նրա հանձնարարությամբ ստեղծվող սերվերային կենտրոնի կարևորությունը:

Կարճ շրջայցից հետո նախարարության բակում տեղի ունեցավ փրկարարին նվիրված նոր պատվո հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Բացումը կատարեցին ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը և ԱԻ նախարար Ա. Երիցյանը: Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Էդուարդ Շախիկյանը:

Արձանի բացման արարողությանը հետևեց ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստը: Բացման խոսքով հանդես եկավ ԱԻ նախարար Ա. Երիցյանը.

- Այսօր մեզ համար ոչ միայն տոն է, այլև արված աշխատանքն ի մի բերելու առիթ: Օգտվելով առիթից՝ ուզում եմ զեկուցել, որ մենք կատարում ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները: Իմ շնորհակալական խոսքն եմ ուղղում ՀՀ նախագահին, վարչապետին և կառավարական մարմիններին՝ մշտապես մեր կողքին լինելու համար: Սիրելի գործընկերներ, բոլորիս շնորհավորում եմ, մաղթում առողջություն և ցանկանում, որ միասին գնանք առաջ:


ՀՀ կառավարության անունից նախարարության աշխատակիցներին շնորհավորեց վարչապետ Տ. Սարգսյանը.

Այս կառույցը կայացել է: Նախարարությունը կարողացել է համախմբել երկրի լավագույն գիտնականներին ու մասնագետներին, իսկ զարգացման ծրագրերում ուշադրություն է դարձվում նորագույն մեթոդների ներդրմանը: Ստացվող տասնյակ հազարավոր զանգերը, որոնցից ոչ մեկը չի մնում անպատասխան, վկայում են ժողովրդի կողմից մեծ վստահություն վայելելու մասին: Ձեր շնորհիվ բարձրանում է նաև մեր երկրի վարկանիշը, որովհետև դուք ապացուցեցիք, որ խոշոր աղետների դեպքում մենք ոչ միայն օգնություն ենք ակնկալում, այլև ինքներս կարող ենք օգնություն ցուցաբերել ուրիշներին: Շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում, որ ձեր աշխատանքի հիմնական շեշտադրումը լինի կանխարգելումը:

Նիստի ընթացքում շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը, պաշտպանության և քաղաքաշինության նախարարները, իսկ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձն ընթերցեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Գ. Դումանյանը: Տոնի առթիվ բարեմաղթանքներ էին հղել նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Բաղդասարյանը, ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը, ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանը և պետեկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանը:

Տպավորիչ էր ՀՀ արդարադատության նախարար Հ. Թովմասյանի ելույթը: Անդրադառնալով ԱԻՆ համակարգում աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց՝ արդարադատության նախարարը նշեց, որ սա ԱԻՆ լավագույն նախաձեռնություններից է, ինքը մեծ հուզմունքով է հետևում այստեղ աշխատող հաշմանդամներին և մտածում, թե իր ղեկավարած կառույցն ինչ կարող է անել նրանց համար:

ՀՀ նախագահի հրամանագրով, վարչապետի որոշմամբ, ԱԺ նախագահի կարգադրությամբ, ինչպես նաև տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների կողմից մեդալներ, շքանշաններ, պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնվեցին մասնագիտական պատրաստվածությամբ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած ԱԻՆ աշխատակիցներին:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ԱԻ նախարար Ա. Երիցյանին շնորհվեց դատախազության 95-ամյակին նվիրված հուշամեդալ, ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ «Շահամիր Շահամիրյան» հուշամեդալ, իսկ ՀՀ ոստիկանության կողմից՝ «Սխրագործության համար» մեդալ:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն յուրօրինակ նվեր մատուցեց ԱԻ նախարարությանը՝ լուսավորության սարքավորումներ, որոնք կօգնեն մթության պայմաններում որոնողափրկարարական աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը:

Այս օրերին ԱԻ նախարարությունը ջերմ բարեմաղթանքներով շնորհավորական ուղերձներ է ստանում նաև իր արտերկրի գործընկերներից և տարբեր միջազգային կազմակերպություններից:

Այսօր, ժամը 19.30-ին ՀՀ ԱԻՆ հրապարակում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական համերգ, որի ընթացքում ելույթ կունենան բազմաթիվ սիրված կատարողներ: Մուտքն ազատ է: