ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է Կիեւին Կոստանդնուպոլսում Թուրքիայի միջնորդությամբ բանակցություններում քննարկված համաձայնագրի նախագծից շեղվելու համար։ Լավրովն ասել է, որ Ուկրաինան նախկինում խոստացել էր, որ անվտանգության երաշխիքները չեն տարածվի Ղրիմի վրա, սակայն համաձայնագրի նոր տարբերակում այս կետը բացակայում է։


Մոսկվան հայտարարել է, որ Ռուսաստանի «հատուկ օպերացիայի» նպատակներից մեկն այն է, որ Ուկրաինան ճանաչի Ղրիմի ռուսական պատկանելությունը եւ Դոնբասի անկախությունը, որոնց վրա չպետք է տարածվեն Ուկրաինային տրվելիք անվտանգության երաշխիքները։ Կիեւը պնդում է, որ Ղրիմի եւ Դոնբասի հարցերը պետք է քննարկվեն Ուկրաինայի եւ ՌԴ նախագահների մակարդակով, ինչը Մոսկվան մերժում է։

Հայաստանի եւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի արշավի քաղաքական-քաղաքակրթական հիմքերին Լրագիրը բազմիցս անդրադարձել է։ Լավրովը ժամանակին պնդում էր, որ պետք չէ նույնացնել Ղրիմի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրները։ Միեւնույն ժամանակ, Ղրիմի ու Լեռնային Ղարաբաղի հարցերում Մոսկվայի ու Բաքվի պահանջներն ու գործողությունները գրեթե նույնական են, եթե ոչ՝ միեւնույն պլանավորման հետեւանք։

«Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է» ասելուց առաջ պետք էր մտածել․ ի տարբերություն հայերի՝ Ռուսաստանը շատ լավ է պատկերացնում պատճառահետեւանքային կապերը։ Թերեւս գործել է ռուսական ավանդական մոտեցումը՝ «անենք, երեւի կանցնի»։ Հիմա ամեն ինչ կորցնելու հեռանկարն ավելի է ուրվագծվում։ Եթե Ղարաբաղը «Ադրբեջանի տարածք է», Ղրիմը ուկրաինական տարածք է, Կարելիան ու Պետերբուրգի շրջանը՝ ֆիննական, Քյոնիգսբերգ-Կալինինգրադը՝ լեհական կամ գերմանական՝ իրար մեջ կորոշեն, Բայկալի շրջանը՝ չինական, Հյուսիսային Կովկասը՝ չերքեզական, թյուրքախոս շրջաններն էլ կան ու կան, եւ այդպես շարունակ։


Մնում է գուշակել, թե ովքեր եւ ինչպես են «Լավրովյան» ծրագրեր մշակելու այս տարածքների համար: Եռակողմ ձեւաչափերով։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/04/08/709913/