Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով անցած տարվա գավաթակիր Լոնդոնի «Չելսիին»։

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» լրացուցիչ ժամանակում պարտվեց 2։3 հաշվով։


15-րդ րոպեին «Չելսիի» գերմանացի հարձակվող Տիմո Վերների փոխանցումից հետո աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։

51-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը Մաունթի փոխանցումից հետո խփեց հյուրերի երկրորդ գոլը։

75-րդ րոպեին գերմանացի հարձակվող Տիմո Վերները հաշիվը դարձրեց 3։0։ Գոլային փոխանցում կատարեց խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը։

80-րդ րոպեին «Ռեալը» կրճատեց հաշվի տարբերությունը։ Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո հյուրերի դարպասը գրավեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, որը 2 րոպե առաջ էր դուրս եկել փոխարինման։

Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, քանի որ մեկ շաբաթ առաջ Լոնդոնում Արքայական ակումբը «Չելսիին» հաղթել էր 3։1 հաշվով ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ։

96-րդ րոպեին «Ռեալի» երկրորդ գոլը խփեց Քարիմ Բենզեման՝ իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին պարգեւելով կիսաեզրափակիչի ուղեգիր։

«Ռեալի» հաջորդ մրցակիցը կլինի «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Աթլետիկո» (Իսպանիա) զույգի հաղթողը։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Ռեալ» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 2։3 (հիմնական ժամանակ՝ 1։3), (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3։1)

Ռոդրիգո, 80, Քարիմ Բենզեմա, 96 - Մեյսոն Մաունթ, 15, Անտոնիո Ռյուդիգեր, 51, Տիմո Վերներ, 75