Շվեդիայի եւ Սինգապուրի գիտնականները մոդիֆիկացրել են արեւային ջերմային էներգիայի պահեստավորման (MOST) մոլեկուլային համակարգը, որպեսզի այն հնարավոր լինի պահել 18 տարի: Տեխնոլոգիան հնարավորություն կտա էլեկտրաէներգիա ստանալ աշխարհի ցանկացած մասում՝ անկախ եղանակից, օրվա ժամից կամ սեզոնից։ Հնարավոր է՝ էլեկտրոնիկա պատրաստել առանց թանկարժեք մարտկոցների, գրում է EurekAlert-ը։

MOST-ը հիմնված է ածխածնի, ջրածնի եւ ազոտի հատուկ ստեղծված մոլեկուլի վրա։ Երբ այն շփվում է արեւի լույսի հետ, նրա կառուցվածքը փոխվում է։ Այսինքն՝ ստացվում է իզոմեր։


Հեղուկ վիճակում այն պահվում է 18 տարի։ Ճիշտ պահին՝ գիշերը կամ ձմռանը, կատալիզատորը էներգիա է արտազատում մոլեկուլից եւ վերադարձնում այն իր սկզբնական ձեւին: Այնուհետեւ նյութը կարելի է կրկին օգտագործել:

Գիտնականները նաեւ համատեղել են նորացված MOST համակարգը փոքր ջերմաէլեկտրական գեներատորի հետ։ Ստացվել է սարք, որն ապագայում հնարավորություն կտա հրաժարվել էլեկտրոնիկայի մարտկոցներից։

Միկրոչիպի նման գեներատորը կարելի է ներկառուցել գաջեթների մեջ, եւ այն ինքնուրույն էներգիա կարտադրի ականջակալների, խելացի ժամացույցների եւ ֆիթնես-ապարանջանների համար:

«Սա արեւային էներգիայից էլեկտրաէներգիա ստանալու բոլորովին նոր միջոց է։ Սա փակ համակարգ է, որը կարող է աշխատել առանց ածխածնի երկօքսիդի արտազատման»,- ասել է առաջատար հեղինակ Կասպեր Մոտ-Պոլսենը: