5165 շարժումը տարբեր հասարակական և քաղաքական գործիչների հետ ապրիլի 19-ից սկսում է անդադար ռեժիմի գործողություններ՝ հասնելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը:
«Վտանգներն այնքան ակնառու են, որ այլևս կարիք չկա որևէ մեկին բացատրելու, պատմելու: Ամեն ինչ արդեն ասված է, և անգամ նրանք, ովքեր կասկածում էին, վարչապետի պաշտոնը զբաղեցնողի վերջին երկու ելույթից հետո արդեն միանշանակ հասկացան՝ ինչ է կատարվում Հայաստանում: Հասկացանք նաև, որ այլևս հապաղելու ժամանակ չունենք, պետք է պայքարենք, ելքերը հընթացս կգտնենք, որովհետև հակառակ դեպքում մենք կարող ենք վաղն արթնանալ և պետություն չունենալ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:
Նրա խոսքով՝ հասարակությունը բաժանվում է երեք խավի՝ տականքը, ազգը, որի մեջ ցեղային ինքնության, էլիտայի հատկություններն են, որը կախված նրանից, թե ով է կառավարում, սկսում է նրա գույները ստանալ. «Եթե տականքն է կառավարում, ապա այդ հասարակությունը սկսում է այդ գույները ստանալ և նմանվել նրան, եթե ազգն է կառավարում, ապա նա սկսում է հավաքվել, այդ երանգներն ընդունել, դառնալ հզոր, և միայն այդ հասարակությունը կարող է հզոր պետություն ստեղծել: Մեր ամենակարևոր խնդիրն այսօր իշխանության բերել ազգային ընտրանին, որովհետև այդ որակն ունեցող մարդկանց արժանիքն այն է, որ իշխանությունը նրանց չի փոխում»:
Կարին Տոնոյանի գնահատմամբ՝ պետք է սկսել ազգային-ազատագրական պայքար. «Սա պայքար է, որպեսզի մենք երկիրն ազատենք Ադրբեջանի գործակալներից»:
Նրա խոսքով՝ իշխանություններն ամենաշատը վախենում են զոհված զինծառայողների ծնողների համախմբումից. «Հանցագործն ամենաշատը վախենում է հենց իր զոհի հարազատներից, չէ՞, սա նորմալ է, հիմա հանցագործություն է տեղի ունեցել. Այդ մարդը հրապարակավ խոստովանեց, որ մոտ 4000 երիտասարդի, մարդկային կյանքերի զոհաբերողն է: Կարևոր չէ՝ ինչ պատճառով, ինքն ասում է՝ այո, կարող էր չլինել այդքան զոհ, բայց ես արեցի դա: Մենք գիտենք, որ ամեն ինչ հնարավոր է վերադարձնել, անվերադարձ միայն մարդկային կյանքն է:
Այդ մարդը այդքան ընտանիքների դժբախտ է դարձրել, այդքան տղաների սերունդներն են սպանվել: Այնպես չէ, որ եթե անգամ 4000 են, նրանք միայն 4000 են. նրանց չծնված երկու երեխային գումարեք, տեսեք՝ ինչ թիվ է դառնում: Իմ ընտանիքում արդեն պլանավորված երրորդ երեխային էինք սպասում, և ես չեմ համարում, որ միայն իմ որդին է զոհվել, նրա զավակներն են զոհվել, որոնց անուններն էինք արդեն ընտրել, հասկանո՞ւմ եք: Ես իմ տանը միայն մեկ մահ չունեմ: Եվ այդպես՝ բոլորը:
Բնականաբար, այդ խոստովանությունը խոսում էր նաև նրա մասին, որ նա շատ մեծ վախեր ունի այդ ծնողներից: Բնականաբար, նա հասկանում է, որ չնայած՝ իրեն այդպիսի պատ է պահում, այդ ծնողներից մեկը, հնարավոր է՝ անձնական վրեժի ճանապարհով գնա: Ինձ համար իրական վրեժը նրանց ծրագրերի տապալումն է:
Ծնողների համախմբումը սարսափեցնում է այս մարդկանց, դրա համար է օգնության հասել տիկին Էրատոն։ Ծնողներն արդեն համախմբվում են»: