ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներն այցելել են Երևան և, հակառակ նախկին պրակտիկայի, չեն մեկնել Բաքու։ Ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոն մի քանի օր շարունակ ինտենսիվ հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության հետ, իսկ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա պաշտոնական այցի նախօրեին Երեւան է ժամանել ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը։


«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների վերջին հեռախոսազրույցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավատարմությունը խաղաղ բանակցություններին», – ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցորի Բյուրոյի հայտարարության մեջ: Բյուրոյի հայտարարության մեջ ասվում է, որ «Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական» Էնդրյու Շոֆերն ուղարկվել է՝ քննարկելու, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է լավագույնս աջակցել այս գործընթացին։

Հատկանշական է, որ Պետդեպարտամենտը Շոֆերին անվանում է ոչ թե Մինսկի խմբի համանախագահ, այլ ավագ խորհրդական։ Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին «հայ-ադրբեջանական բանակցություններում ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ» նշանակելու մասին։

Հայաստանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները դեռևս անվանվում են Մինսկի խմբի համանախագահներ և ընդգծում են նրանց դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում։

Նիկոլ Փաշինյանի և Էնդրյու Շոֆերի հանդիպմանը «շոշափվել են հումանիտար հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու հնարավորությունը»։ Էնդրյու Շոֆերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր մանդատին։

Ինչի՞ մասին են զգուշացրել պարոն Ռոկֆոն և պարոն Շոֆերը Նիկոլ Փաշինյանին Մոսկվա այցից առաջ։ Փարիզն ու Վաշինգտոնը տեղեկություն ունե՞ն, որ Նիկոլ Փաշինյանին Մոսկվայում կարող են ստիպել ստորագրել ինչ-որ պարտավորեցնող փաստաթուղթ։


Ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների այցերը Երևան վկայում են այն մասին, որ որոշումը կախված է Հայաստանից։ Մոսկվան, Բաքուն եւ Անկարան Հայաստանին կոչ են անում ստորագրել Թուրքիայի և Ադրբեջանի ամբողջականությունը ճանաչող համաձայնագրեր, և դա վկայում է այն մասին, որ այդ երկրների «տարածքային ամբողջականության» բանալիները գտնվում են Երևանում։ Սա հասկանում են Փարիզում և Վաշինգտոնում։ Բայց դրա մասին ամենալավը գիտե Մոսկվան՝ 1921-ի Մոսկվա-Կարսի հակահայ պայմանագրերի եւ 2020-ի եռակողմ հայտարարության հեղինակը։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/04/18/712008/