107 տարի առաջ Հայոց ցեղասպանության տարելիցին այսօր պատիվ էր իմ հայ ընտրողների հետ երթը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով լուսանկար է հրապարակել այդ երթից:

«Ես միշտ հպարտ կլինեմ ուս-ուսի կանգնել հայ համայնքի հետ՝ ճշմարտության, ազատագրման և արդարության համար շարունակվող պայքարում»,-նշել է նա:


Ավելի վաղ Ադամ Շիֆը հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ էր հրապարակել ֆեյսբուքի իր էջում, որում ասվում էր.

«107 տարի առաջ Օսմանյան կայսրությունը համակարգված գործողություններ կազմակերպեց հայ ժողովրդին բնաջնջելու համար՝ ի վերջո սպանելով 1.5 միլիոն անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների, ինչը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Չնայած այս ծրագրավորված կոտորածի անհերքելի ապացույցներին, Թուրքիան մինչ օրս շարունակում է ժխտել, որ երբևէ տեղի է ունեցել ցեղասպանություն: Բայց այսօր մենք միաձայն ասում ենք՝

Մենք չենք մոռանա: Մենք երբեք չենք մոռանա:

Իմ տասնյակ հազարավոր ընտրողների համար ցեղասպանության ճանաչման հասնելը ողջ կյանքի պայքար է եղել: Այն կարևոր ձեռքբերոմները, որոնց մենք հասել ենք միասին՝ սկսած 2019 թվականի Կոնգրեսի ընդունած բանաձևերից, որոնք վերահաստատում են Ցեղասպանության փաստերը, մինչև նախագահ Բայդենի անցյալ տարվա պատմական ճանաչումը, հնարավոր դարձավ նրանց՝ ուժեղ և տոկուն հայկական սփյուռքի ներկայացուցիչների շնորհիվ:

Բայց բնաջնջման վտանգը դեռ կախված է հայ ժողովրդի գլխին։ Որովհետև այսօր հայ ժողովուրդը դեռևս ենթարկվում է հարձակումների, ներառյալ Արցախում բազմաթիվ զոհվածները, հազարավոր մարդիկ, ովքեր հարկադրված են եղել գաղթել՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրահրված ագրեսիայի հետևանքով: Վտանգի տակ են նաև նաև ռազմագերիները կամ Արցախում բնակվողները՝ որոնք ապրում են հերթական ներխուժման վախով։

Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդկության դեմ կատարված այս հանցագործությունները չճանաչվեն: Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ ստանձնի ժողովրդավարության և համաշխարհային խաղաղության պաշտպանի իր դերը։

Մենք չպետք է դադարեցնենք մեր կոչերը՝ անհապաղ, անվնաս և անվերապահ ազատ արձակելու մնացած հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին, դադարեցնել ԱՄՆ-ի օգնությունը Ալիևի ռեժիմին և մեծացնել ջանքերը՝ Հայաստանի և Արցախի համար ավելի շատ ֆինանսավորում ներգրավելու համար:

Այժմ, առավել քան երբևէ, մենք պետք է ձգտենք էլ ավելի ամրապնդել և աջակցել Հայաստանին և Արցախին։ Մենք պահանջում ենք նրանց ազատությունը և չենք հանգստանա, քանի դեռ մեր հայ եղբայրների և քույրերի անվտանգությունը, խաղաղությունն ու արդարությունը չի ապահովվել։

Ես միշտ լինելու եմ Հայաստանի, Արցախի և հայ համայնքի կողքին: