Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) բնակավայրից այսօր «Հայաստան» խմբակցության սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանը, դաշնակցական երիտասարդներ ու մի խումբ քաղաքացիներ շարժվեցին դեպի Երևան։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանն ու Արցախն ապրում են վճռորոշ օրեր։ Այսօր, առավել քան երբևէ մեզանից պահանջվում է միասնական ու վճռական լինել, արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար։ Իսկ մինչ այդ մենք պետք է հեռացնեն այն մարդկանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել Արցախը թողնել Ադրբեջանի կզմում, պատրաստ են ամեն օր Գեղարքունիքից, Սյունիքից, Հայաստանի այլ տարածքներից հատվածներ տալ թշնամուն։ Մենք դրան ասում ենք ոչ ու սկսում ենք վճռական պայքար: Մեզանից որևէ մեկը հանձնվելու իրավունք չունի, պայքարելու ենք hանուն Արցախւի, Հայաստանի։ Մերն է լինելու հաղթանակը, ուրիշ ավարտ չի լինելու»,-հայտարարեց Աննա Գրիգորյանը երթի մեկնարկից առաջ։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են քայլերթը մեկնարկում հենց Տիգրանաշենից, Աննա Գրիգորյանը ասաց․ «Նիկոլ Փաշինյանը և իր յուրայինները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ, անկլավներ՝ նկատի ունենալով նաև Տիգրանաշենը։ Ուրեմն ասում ենք՝ Տիգրանաշենն էլ է մնալու հայկական, որովհետև հայկական է, Տավուշի գյուղերն էլ են մնալու հայկական, Սյունիքից էլ որևէ բան այլևս չի զիջվելու, թող այս իշխանությունները ականջներին օղ անեն»։