Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է 4։3 հաշվով հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում, որը տեղի ունեցավ Անգլիայում։

«Մենք ֆանտաստիկ խաղ անցկացրինք անհավանական թիմի դեմ։ Նրանք գոլ էին բաց թողնում, իսկ հետո վերադառնում էին պայքարի մեջ։ Կարծում եմ՝ մենք դա թույլ տվեցինք «Ռեալին» մեր նյարդային վիճակի հետեւանքով։ Սովորաբար, մենք թույլ չենք տալիս վտանգավոր պահեր ստեղծել մեր դարպասի մոտ, բայց նրանք շատ ուժեղ պրեսինգի էին դիմում։


Մենք կգնանք Մադրիդ, որպեսզի հաղթենք։ Խոսքը եզրափակիչի մասին է։ Հիմա մենք առջեւում ենք հաշվի մեջ, բայց ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մայիսի 4-ին։