Ապրիլի 26-ին Կրեմլում Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որի ժամանակ Պուտինը ճանաչել է երկրների առանձին շրջանների անջատվելու իրավունքը, եթե նրանք համաձայն չեն կենտրոնական կառավարության քաղաքականությանը։


Գուտերեշին ներկայացնելով ուկրաինական պատերազմի պատճառները, որը Գուտերեշն անվանել է ներխուժում և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում, Պուտինն ասել է, որ «խնդիրն առաջացել է 2014 թվականին Ուկրաինայում իրականացված պետական ​​հեղաշրջումից հետո»։

Բացի այդ, Պուտինն ասել է, որ Ղրիմում ամեն ինչ եղել է ինչպես Կոսովոյում՝ անկախության հռչակում։ «Եվ այն բանից հետո, երբ մենք ճանաչեցինք նրանց անկախությունը, նրանք մեզ դիմեցին իրենց ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով, քանի որ նրանք ենթարկվում են ռազմական ռազմական ագրեսիայի։ Եվ մենք, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի յոթերորդ բաժնի համաձայն, նույնպես ստիպված էինք դա անել՝ սկսելով հատուկ ռազմական գործողություն», ասել է Պուտինը։

Գուտերեշի առարկություններից հետո նա ասել է. «Ես շատ լավ ծանոթ եմ, շատ լավ. անձամբ կարդացել եմ ՄԱԿ-ի միջազգային դատարանի բոլոր փաստաթղթերը Կոսովոյի իրավիճակի վերաբերյալ: Ես շատ լավ հիշում եմ միջազգային դատարանի որոշումը, որում ասվում է, որ ինքնորոշման իրավունքն իրացնելիս որևէ պետության որեւէ տարածքը պարտավոր չէ դիմել երկրի կենտրոնական իշխանություններին իր ինքնիշխանությունը հայտարարելու թույլտվության համար։ Սա ասվել է Կոսովոյի մասին, և դա Արդարադատության միջազգային դատարանի որոշումն է, և այս որոշումը պաշտպանվել է բոլորի կողմից։ Եթե ​​դա այդպես է, ապա Դոնբասի հանրապետությունները՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը, նույն իրավունքն ունեն՝ առանց Ուկրաինայի կենտրոնական իշխանություններին դիմելու, հայտարարելու իրենց ինքնիշխանության մասին, քանի որ նախադեպը ստեղծվել է», ասել է Պուտինը։


Այսպիսով, Պուտինը ճանաչում է Կոսովոյի և Դոնբասի անկախության իրավունքը։ Միաժամանակ նա Արցախն անվանում է «Ադրբեջանի տարածք», իսկ ռուս խաղաղապահները «խաղաղ համակեցության» պայմաններ են ստեղծում։ Ռուս խաղաղապահները միջազգային մանդատը շրջանցելով Արցախում կարող էին հայտնվել միայն Արցախի կարգավիճակը վերացնելու դիմաց՝ հայերի դեմ ռուս-թուրքական համատեղ արշավով եւ հայերի՝ Կրեմլի կողմից երաշխավորված պարտությամբ։

 

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/04/27/713810/