Մի կասկածեք, Հայաստանի գլխին թափված աղետների հեղինակը մենք չենք, ասել է Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա կապակցությամբ իր ուղերձում։ Հեղինակը գուցե իսկապես ՔՊ-ական իշխանությունը չէ, բայց դա չի հանում այդ աղետները կանխելու պատասխանատվությունը։ Դա չի հանում այդ աղետներից հետո գոնե համարժեք քայլերի բացակայության պատասխանատվությունը։ Եվ այստեղ նշանակություն չունի արդեն՝ ՔՊ-ն աղետների հեղինակների պլանների մասնակի՞ց է, թե զոհ։ Փաշինյանի «խաղաղ դարաշրջանը» քաղաքականություն չէ եւ ոչ էլ առավել եւս համարժեք արձագանք իրավիճակին։
ՔՊ-ական սահմանադրական մեծամասնությամբ խորհրդարանն այդպես էլ չքննարկեց այդ աղետների գնահատականի, դրանց հեղինակների, այդ աղետների պատճառ 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի հարցերը, ավելին՝ խուսափեց քննարկել անգամ «ընդդիմության» ներկայացրած անատամ նախագծերը, որոնք վերաբերում էին Արցախին, Հայաստանի սահմանային խնդիրներին։
«Խաղաղ դարաշրջանը» ոչ այլ ինչ է, քան նոյեմբերի 9-ի ժամակավոր նահանջը որպես կապիտուլյացիա եւ կարգավորում, 1921-ի եւ 2020-ի ագրեսիան եւ հայկական տարածքների օկուպացիան օրինականացնելու Մոսկվայի ու թուրքերի պլանների օրինականացում։ Դրանց դիմադրելու ճանապարհը խորհրդարանում կարեւոր որոշումների ընդունումն էր հայկական իրավունքների հաստ փաթեթի հիմքով եւ ուժով։ Դա չի արվում մինչ այժմ։ Ավելին, խորհրդարանի ՔՊ-ական մեծամասնությունը եւ «ընդդիմությունը» ամնհայտորեն խուսափում են դրանից շինծու եւ անհեթեթ պատճառաբանություններով, հանդես գալով պարտության դիրքերից, ինչը խորհրդարանը մասնակից է դարձնում թշնամական տանդեմի պլաններին եւ չեզոքացնում արտաքին բազմաթիվ նպաստավոր հնարավորությունները։
Իշխող մեծամասնությունը եւ «ընդդիմությունը», գիտակցաբար թե ոչ՝ էական չէ, անտեսում են հայկական իրավունքների ու դրանց հիմքով ինքնիշխան քաղաքականության հնարավորությունները։ Որ այդպիսիք կան եւ ծանրակշիռ են՝ վկայում է Հայաստանի դեմ ռուս-թուրքական տանդեմի ճնշման ու շանտաժի մասշտաբը, նախեւառաջ՝ Ռուսաստանի կողմից։ Այլապես, եթե «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, Ղարաբաղի խնդիրը կարգավորված է, կարգավիճակի խնդիր չկա, Մինսկի խումբը չեղարկված է», ինչպես պնդում են Պուտինը, Ալիեւը եւ Լավրովը, ապա ինչո՞ւ են իրարանցման մեջ փորձում ստանալ Երեւանի ստորագրությունը։ Նշանակում է՝ կախված են այդ ստորագրությունից։ Սա հնարավորությո՞ւն է հայկական կողմի համար։ Անշուշտ, բայց սա հնարավորություն է նրանց համար, ովքեր գիտակցում են իրավունքի ուժը եւ պատրաստ են պաշտպանել այն։
«Հայաստանի գլխին թափված աղետների հեղինակների» խնդիրը շատ պարզ է եւ փաստաթղթավորած, հատկապես Մոսկվայի կողմից Մինսկի խմբի «չեղարկումից» հետո։ Նախ, Մոսկվան բացառեց հայկական որեւէ շահ եռակողմ համաձայնություններում (Լավրով)։ Դրանց էությունը 1921-ի ռուս-թուրքական ոճրի ընդլայնված կիրառումն է՝ Արցախի եւ Նախիջեւանի (որը հայկական ինքնավարություն է Բաքվի ժամանակավոր պրոտեկտորատի ներքո)՝ Բաքվին պատկանելության օրինականացմամբ, Հայաստանի տարածքի վերաձեւումը միջանցքներով եւ «անկլավներով», Հայաստանի լիակատար մեկուսացումն ու շրջափակումը ինքնիշխան պետականության վերացման երաշխիքով։ Ռուսաստանը Կովկասից իր անխուսափելի հեռացումից առաջ Հայաստանը պատրաստվում է հանձնել թուրքերին։ (Արցախի «դոնբասացման» սազանդարները գուցե այս իրողության ֆոնին բացատրե՞ն դրա էությունը)։
Կարելի է անվերջ շաղակրատել «ռուս-թուրքական» ծիրում, ինչով երկու տարի զբաղված է երեւանյան քաղաքական-մեդիա-փորձագիտական «իսթեբլիշմենտը», սակայն դա չի փոխում իրողությունները։ Ռուս-թուրքական տանդեմի խնդիրը պարզ է․ իսկ ո՞րն է հայկական կողմի խնդիրը։ Հայաստանի տարածքի վերաձեւման անթույլատրելիությունն ու Արցախի խնդրի ակտուալությունն առայժմ պահպանվում են Իրանի ու Արեւմուտքի ջանքերով, սակայն դրանք Հայաստանում համարժեք արձագանք չեն գտնում կարեւոր որոշումների ընդունման տեսքով։
Այս ֆոնին, Փաշինյանի հայտարարությունը, թե աղետների հեղինակներն իրենք չեն, ինչպես նաեւ մինչ այժմ նրա մեկ-երկու կիսատ-պռատ ակնարկները Հայաստանի դեմ ռուս-թուրքական կազմակերպված դավադրության մասին ընդամենը սեփական իշխանությունն ու դիրքերը պահպանելու խղճուկ փորձեր են։ Ճշմարտությունը պետք է ասվի, անուն առ անուն, դիմադրությունն աղետին պետք է սկսեր այդտեղից ու ամրապնդվեր խորհրդարանում կարեւոր որոշումների ընդունմամբ։ Եթե դա չի արվում, նշանակում է՝ մասնակցություն Հայաստանի դեմ աղետների հեղինակների պլաններին։
Նյութի աղբյուր՝ Lragir.am