Ռուսական եւ արեւմտյան աղբյուրները հայտնում են, որ բժիշկները պնդում են Պուտինին վիրահատելու անհրաժեշտությունը, եւ այդ վիրահատությունը կարող է տեղի ունենալ մայիսի 9-ից հետո։ Նշվում է, որ հետվիրահատական փուլում երկրի կառավարումը Պուտինը վստահելու է ԱԽ քարտուղար Պատրուշեւին, որը նրա թերեւս միակ վստահելի պաշտոնյան է մնացել։
Նշվում է, որ Պատրուշեւին ու Պուտինին միավորում է ոչ միայն չեկիստական անցյալը, այլեւ մի շարք «հատուկ գործողություններ»։ Մասնավորապես, 1990-ականների վերջին Մոսկվայում ու ՌԴ այլ քաղաքներում ահաբեկչությունները։ Դա Պուտինի՝ նախագահի պաշտոնին անցնելու շրջանն էր։
Պատրուշեւը, ով համակարգում է ուժային բլոկը, ներկայում համարվում է ՌԴ երկրորդ դեմքն իր ազդեցության ու համակարգման ոլորտների առումներով։ Նա Ուկրաինայի եւ Արեւմուտքի դեմ պատերազմի «գաղափարախոսն» է, եւ ավելին, ըստ հետախուզությունների տվյալների՝ նա աստիճանաբար իր ձեռքն է վերցնում պատերազմի կառավարումը։ Դրանով են բացատրվում ռուսական բանակի անհաջողությունների պայմաններում Ուկրաինայում «չեկիստական» մեթոդների կիրառումը։
Մասնավորապես, նշվում է, որ համընդհանուր մոբիլիզացիայի համար կարող են անհրաժեշտ լինել նույն մեթոդները, ինչ 1990-ականների վերջերին Մոսկվայում եւ այլ քաղաքներում։ Նման միջադեպեր արդեն գրանցվում են ՌԴ տարածքում։
Բանակի վերնախավի հանդեպ Պուտինի անվստահության, բանակի ու հատուկ ծառայությունների միջեւ հակասությունների սրման պայմաններում Պատրուշեւի դերն ավելի է աճել, եւ դա իր հետեւանքներն է ունենալու ոչ միայն արտաքին քաղաքականության, այլեւ ՌԴ ներքին տրանսֆորմացիաների վրա։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/05/02/714548/