«Նոյեմբերի 9-ի հետ կապված մենք ասել ենք, որ սա կայացած փաստ է, բայց մեր համար անընդունելի։ Գիտե՞ք ինչ, մենք պետք է կանխենք, որպեսզի Նիկոլը էս կապիտուլյացիան հասցնի վերջնական ավարտին։ Մենք պատերազմ չենք հրահրելու։ Մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունները չենք դադարեցնելու, ոչ էլ պատերազմ ենք հայտարարելու, բայց էդ բանակցություններին ոչ թե գնալու ենք ասենք՝ ձեզ ի՞նչ ա պետք, այլ գնալու ենք իրականում պաշտպանենք մեր երկրի շահերը։ Հիմա Դուք կասեք՝ Նիկոլն էլ ա էդպես ասում: Ինքը էդպես չի ասում։ Կարող ենք չզիջել և խաղաղ զարգանալ։ Կոնկրետ ասեմ՝ արդյունավետ կառավարում, բանակի սպառազինության համալրում, բանակի վերականգնում», ասել է Ազատություն ռադիոկայանին ասել է «Հայաստան» խմբակցության անդամ, երեւանյան փողոցներում «դիմադրության շարժման» աննկուն առաջնորդ Իշխան Սաղաթելյանը։


Նրա այս զավեշտալի հայտարարություններին կարելի էր իհարկե ուշադրություն չդարձնել, բայց սա նրա անձնական կարծիքը չէ, այլ «դիմադրության շարժում» սկսած ռուսանպաստ «ընդդիմության» հավաքական ուղենիշը։ Հիշվում է, նոյեմբերի 9-ից հետո Իշխանի մեկ այլ կուսակից՝ Արմեն Ռուստամյանը Ազատության հրապարակից երդում էր տալիս ռուսներին, որ նոյեմբերի 9-ի թուղթը դավաճանական ասելով՝ Ռուսաստանին նկատի չունեն, ինչպես ծառայել են, այնպես էլ ծառայելու են Ռուսաստանին։ Հիմա էլ Իշխանն է երդվում կատարել եռակողմ հայտարարությունները Նիկոլից «ավելի լավ»։ Նույնիսկ Լավրովը հայտարարեց, որ դրանցում հայկական շահ չկա, ի՞նչն են ավելի լավ իրականացնելու։ Ո՞վ է թողնելու բանակ վերազինել, խաղաղ զարգանալ, ռուսնե՞րը, թե թուրքերը։ Իսկ եռակողմ հայտարարություններին երդումը չի՞ նշանակում նաեւ երդում դրա շահառու կողմերից մեկին՝ թուրքերին։

«Արցախի դոնբասացման», «Հայաստանի թաթարստանացման» տեսլականով ռուսանպաստ «ընդդիմությունը» ՔՊ-ի պես խնամքով շրջանցում է Հայաստանի կողմից 1921-ի Մոսկվա/Կարսի պայմանագրերի, Արցախի ճանաչման, վերամիավորման թեմաները։ Իշխան Սաղաթելյանի խոստովանություններն ընդամենը հաստատում են այն պնդումները, որ ՔՊ-ն եւ «ընդդիմությունը» տանդեմով գործում են ռուսական ծրագրերի ծիրում։ Ներքաղաքական ներկայիս դիմակայությունը բխում է այդ տրամաբանությունից։

Ուկրաինայում ներքին ու արտաքին ահռելի մարտահրավերների բախվելով, Ռուսաստանը մտահոգ է հայերին ռուսական հոգեբանական թակարդում թուրքական վերահսկողությամբ պահելու խնդրի շուրջ: Դա անհրաժեշտ պայման է եռակողմ հայտարարությունների անվերապահ կատարման, այն է՝ Կովկասից հեռանալու եւ տարածաշրջանը թուրքերին հանձնելու Մոսկվայի պլանների իրագործման համար։ Փաշինյանի կարողությունները Մոսկվայում բավարար չեն համարվում, եւ այս մասին արդեն բացահայտ խոսվում է Կրեմլի քարոզչամիջոցներում։


Եռակողմ հայտարարությանը հավատարմություն հայտնած եւ այն «ավելի լավ կատարելու» մրցակցության մեջ մտած ՔՊ-ռուսանպաստ ընդդիմություն համակարգի փոփոխությունը կենսական հրատապություն է, եւ դա է հայ ժողովրդի խնդիրը։ Հնարավոր է՝ վերջին հնարավորությունը։

 

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/05/04/715083/