Ազգային անվտանգության ծառայողներն այսօր՝ մայիսի 6–ին, գործողություններ են իրականացրել Սիսիանի համայնքապետարանում եւ բերման ենթարկել համայնքապետարանի երեք աշխատակցի։
Սիսիանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Արմինե Հարությունյանը ասաց, որ չի տիրապետում, թե ինչ գործի շրջանակում է ԱԱԾ–ն գործողություններ իրականացրել համայնքապետարանում։ Ըստ նրա՝ ԱԱԾ աշխատակիցների գործողությունները տեւել են մի քանի րոպե։
«Առավոտյան ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են կատարել համայնքապետարանում եւ բերման ենթարկել համայնքապետարանի րեք աշխատակցի»,– ասաց համայնքապետարանի մամուլի քարտուղարը՝ չնշելով, թե որ պաշտոնյաներն են բերման ենթարկվել։
Հարությունյանը, սակայն, հաստատեց տեղեկությունը, որ բերման ենթարկվածների մեջ կա նաեւ բաժնի վարիչ։
Սիսիանի համայնքապետարանի մամուլի քարտուղարը վստահեցրեց, թե համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը նույնպես չգիտի, թե ինչ գործի շրջանակում է ԱԱԾ–ն գործողություններ կատարել համայնքապետարանում, ապա բերման ենթարկել երեք աշխատակցի։
«Բոլորիս համար զարմանալի էր»,– ընդգծեց մամուլի քարտուղարը եւ հավելեց, որ ինքը չորս ամիս՝ աշխատում է համայնքապետարանում եւ սա առաջին դեպքն է, երբ համայնքապետարանը իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել։