Արցախից խաղաղապահների դուրսբերման մասին խոսք չկա, այս մասին Factor TV–ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, որ Եվրոպական խորհրդի նախագահի հետ եռակողմ հայտարարությունում խաղաղապահների մասին հիշատակում չկար, արդյոք Արցախի խնդրի լուծումը ենթադրում է նաև խաղաղապահների հեռացում։
«Ինչո՞ւ պետք է այդպիսի հարց դրվի։ Հարցի լուծումը մենք ․․․ այս պահին հստակ չի, թե որ ուղղությամբ ենք հարցը լուծելու։ Երբ ասում ենք միջազգային ներկայություն անվտանգության ապահովման մասով, դա նաև նշանակում է խաղաղապահների ներկայությունն այնտեղ, որը երաշխիքներ կստեղծի»,– ասել է նա։
ԱԽ քարտուղարը կարծիք է հայտնել, որ այդտեղ ավելի շատ սպեկուլյացիա կա, մտավոր վարժանք։ Ըստ նրա՝ հնարավոր է, որ լինեն բազմաթիվ հանդիպումներ լինել և շատ բաների մասին հայտարարություններ չլինեն և դա ոչ մի բան չի նշանակում։
«Նախ հայտարարություններում նոյեմբերի 9-ից գոյություն ունեցող հայտարարություններին հղում է կատարվում։ Նոյեմբերի 9-ի հայտարարությանը հղում կատարելը նշանակում է ճանաչել խաղաղապահների առկայությունն այնտեղ և կարևորել դա։ Այդ առումով որևէ խնդիր չեմ տեսնում և կարծում եմ, որ դրանք ավելի շատ մտավոր վարժանքներ են»,– ասել է նա։
Հարցին, թե արդյոք նման մտավարժանք է նաև այն, որ Արևմուտքը խնդիր է դնում, որ ռուս խաղաղապահները պետք է հեռանան Արցախից, Արմեն Գրիգորյանը պատասխանել է․ «Մեզ հետ որևէ նման քննարկում չի եղել»։
Արմեն Գրիգորյանը նաև պատասխանել է հարցին, թե ինչ լուծումներ կարող են լինել այն դեպքերում, երբ խաղաղապահների աչքի առաջ Արցախի բնակիչները զրկված են անվտանգության երաշխիքներից։ ԱԽ քարտուղարը նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանն այնպիսի քայլեր է ձեռնարկում, որոնք անվտանգության համակարգը խարխլում են և լրացուցիչ սպառնալիքներ են ստեղծում Արցախի բնակչության համար։
«Երբեմն հավելյալ քայլերը կարող են անվտանգության երաշխիքներ ստեղծել, օրինակ՝ խաղաղապահները ներկա լինեն, բայց շփման գծից հայելային հետքաշում լինի և դա կարող է անվտանգության հավելյալ երաշխիք լինել։ Կարող են բազմաթիվ այսպիսի հարցեր լինել։ Դրանից բացի կարող են այլ ուղղությամբ քայլեր ձեռնարկվել, որպեսզի անվտանգության երաշխիքներն ավելի ամուր լինեն, մարդիկ ավելի անվտանգ զգան։