Ռուսաստանի և Բաքվի պաշտոնյաները, քաղաքագետներն ու լրատվամիջոցները ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին։ Բաքվին ու Մոսկվային հուզող հիմնական հարցն այն է, թե Հայաստանում կա՞ մի ուժ, որը կհայտարարի եռակողմ հայտարարությունների անընդունելիության մասին։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն, օրինակ, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին, ասել է, որ Ռուսաստանի ընկալմամբ խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության կողմից որոշակի հայտարարությունների ընկալման մասին է։
Բաքվից Պուտինին կրկնելով զգուշացնում են, որ եռակողմ պայմանավորվածությունների մերժումը Հայաստանի համար հավասարազոր է ինքնասպանության, «ղարաբաղյան երրորդ պատերազմի» և այլն։
Թե՛ Մոսկվայում, թե՛ Բաքվում Հայաստանի դիմադրության եւ ռեւանշի ներուժն ավելի բարձր է գնահատվում, քան բուն Հայաստանում։ Իրավիճակին ծանոթ արևմտյան փորձագետները մասնավոր զրույցներում ասում են, որ Բաքուն դեռ չի հաղթահարել զարմանքը հայերի նման սրընթաց պարտությունից։ Այնտեղ դեռ չեն հասկանում, թե «որտեղ են իրենց գցում» և սպասում են օրինական ռեւանշի։
Արևմուտքում փորձում են հասկանալ, թե ինչի վրա է հույսը դրել Հայաստանը և արդյոք մարդիկ լրջորեն հավատում են, որ եթե հրաժարվեն Արցախից, ապա հնարավոր է պահպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Ավելին, ուկրաինական իրադարձությունների ֆոնին արևմտյան փորձագետները չեն հասկանում, թե ինչն է Հայաստանում հետ պահում քաղաքական և հասարակական ուժերին։ Նորմալ քաղաքական վերնախավերը կխոսեին ինքնապաշտպանության իրավունքից, կդիմեին միջազգային լեգիտիմ կազմակերպություններին աջակցության, իրավունքների ճանաչման և անվտանգության երաշխիքների համար:
Հայաստանի միջազգային գործընկերները, որոնք սկզբունքորեն պատրաստ են քննարկել այս հարցերը, թոթվում են ուսերը՝ Եվրոպան ու ԱՄՆ-ը չեն կարող Ռուսաստանի պես «փրկել» հայերին, եթե հայերը չեն դիմում։ Եթե Հայաստանը չի դիմում, նշանակում է, որ այս վիճակը ձեռնտու է Հայաստանին, և հոգու խորքում բոլորը պատրաստ են զոհաբերել Արցախը՝ հանուն մի կտոր հացի ու «անվտանգության»։ Բայց առանց Արցախի չի լինի ո՛չ հաց, ո՛չ անվտանգություն, կարծում են փորձագետները։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/05/07/715904/