«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դիմադրության շարժման՝ հանրահավաքի նպատակով դեպի Գյումրի շարժվելու ճանապարհին կատարվածի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ Երևան-Շիրակ մայրուղու վրա մի քանի սադրիչներ հրմշտոց հրահրեցին։ Մամիջանյանի տեղեկություններով՝ նրանք Շիրակի ՔՊ գրասենյակի աշխատակիցներ էին։ «Գերիների հարազատներով պաշտպանվել ու ազգը բաժանել․ սա է քո ձեռագիրը»,- գրել է Մամիջանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դիմադրության շարժումն այսօր ավտոերթ կանի դեպի Գյումրի։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։

Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։ Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։


Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում