Եթե ակցիաների հետևանքով ուշացել եք դասից կամ աշխատանքից, ձեր նկատմամբ չի կարող կիրառվել որևէ կարգապահական պատասխանատվության միջոց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուշացե՞լ եք դասից կամ աշխատանքից


Օդից կախված լուրերի համաձայն՝ թե՛ ուսումնական, թե՛ պետական մի շարք կառույցների ղեկավարներ ոչ միայն ուղղակի և անուղղակի եղանակներով սպառնում են Դիմադրության շարժման աջակիցներին, այլև՝ փորձում են կարգապահական պատասխանատվության միջոցներով դիմադրության շարժման նկատմամբ բացասական տրամադրություններ ստեղծել քաղաքական զարգացումների նկատմամբ իներտ աշխատակիցների կամ ուսանողների մոտ՝ հերթական անգամ փորձելով պառակտել հասարակությունը:

Եթե անհնազանդության ակցիաների հետևանքով ուշացել եք դասից կամ աշխատանքից, ապա ձեր նկատմամբ չի կարող կիրառվել որևէ կարգապահական պատասխանատվության միջոց, քանի որ իրավիճակը վրա է հասել ոչ թե ձեր մեղքով, այլ՝ անհաղթահարելի ուժի հետևանքով:

Վերադասի կողմից ցանկացած սպառնալիք անհիմն է.

կարգապահական պատասխանատվության միջոցները՝ բողոքարկելի.

ձեր իրավունքներն էլ երաշխավորված»։