Տարածաշրջանում առկա խնդիրների լուծումը պետք է առաջնահերթություն լինի բոլորիս համար։ Այս մասին Բաքվում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) երրորդ գլխավոր համաժողովին ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Սենթոփը, հայտնում է ԱՊԱ-ն։

Ազգային մեծ ժողովի նախագահն ասել է, որ պետք է դադարեցնել գլոբալ միջամտությունն այս խնդիրներին, միջոցներ ձեռնարկել. «Մենք ինքներս պետք է լուծենք այդ խնդիրները։ Մենք ենք ապրում այս աշխարհագրության մեջ։ Մենք պետք է ինքներս լուծենք մեր տարածաշրջանի խնդիրները։ Պետք է վերջ դնել մարդկանց մահվանը Սիրիայում, Քաշմիրում, Իդլիբում: Ուստի պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք ականատես եղանք ադրբեջանական հողերի օկուպացմանը Հայաստանի կողմից: Այդ օկուպացմանը վերջ դնելու համար ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ 30 տարի աշխարհի առաջատար երկրներից կազմված մեխանիզմը չկարողացավ լուծել այս խնդիրը։ Ադրբեջանական բանակը՝ նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ, վերջ դրեց այդ օկուպացմանը։ Մենք այս հարցում միշտ աջակցել ենք Ադրբեջանին։ Թուրքիան աջակցեց Ադրբեջանին, քանի որ նա իրավացի է իրավական տեսանկյունից: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտը վտանգ էր ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար»։


Հիշեցնենք, որ Թուրքիան, չնայած բոլոր ջանքերին, չհասավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թվի մեջ ընդգրկվելուն, ինչով եւ պայմանավորված է քննադատությունը: