Մեծ Բրիտանիայում 2018-ից 2021 թթ. անցկացված կապիկի ծաղիկով ախտորոշված ​​յոթ հիվանդների նոր հետահայաց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ հակավիրուսային դեղամիջոցներ կարող են կրճատել ախտանիշները եւ նվազեցնել հիվանդի վարակելի լինելու ժամանակը:

Հետազոտության շրջանակներում վերլուծված դեպքերը, որոնք հրապարակվել են The Lancet Infectious Diseases-ում, ներհիվանդանոցային եւ կենցաղային փոխանցման առաջին դեպքերն են Աֆրիկայի սահմաններից դուրս, ինչպես նաեւ նկարագրում են հիվանդի արձագանքը հիվանդության բուժման համար երկու տարբեր հակավիրուսային դեղամիջոցների՝ բրինցիդոֆովիրի եւ տեկովիրիմատի առաջին օգտագործմանը:


Հետազոտության ընթացքում բրինցիդոֆովիրի կլինիկական օգտակարության քիչ ապացույցներ են գրանցվել, սակայն հետեւություն է արվել, որ տեկովիրիմատի ներուժի հետագա հետազոտություն է անհրաժշետ: Հեղինակները նաեւ հայտնում են արյան եւ կոկորդից քսուքի մեջ կապիկի ծաղիկի վիրուսի հայտնաբերման մասին: Քանի որ այս հիվանդության վարակի վերահսկման եւ բուժման օպտիմալ ռազմավարություններ դեռ չեն մշակվել, այս հետազոտությունները կարող են օգնել հիվանդության կլինիկական առանձնահատկությունները, ինչպես նաեւ փոխանցման դինամիկան հասկանալու գործում:

«Մինչ հանրային առողջապահության ներկայացուցիչները պայքարում են՝ հասկանալու համար, թե ինչն էր 2022 թ. մայիսին Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում կապիկի ծաղիկի բռնկումների պատճառը, մեր ոհետազոտությունը հակավիրուսային դեղամիջոցների օգտագործման առաջին տեղեկություններն է հայտնում մարդկանց մոտ կապիկի ծաղիկի բուժման համար,- ասել է հոդվածի գլխավոր հեղինակ, Liverpool University Hospitals NHS Foundation Trust-ից բժիշկ Հյու Ադլերը:- Թեեւ վերջին բռնկումն ավելի շատ հիվանդների է ընդգրկել, քան մենք ավելի վաղ հանդիպել էինք Մեծ Բրիտանիայում, կապիկի ծաղիկը պատմականորեն այնքան էլ էֆեկտիվ չի փոխանցվում մարդկանց միջեւ, եւ հանրային առողջության համար ընդհանուր վտանգը այդքան էլ մեծ չէ»: