Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում մրցեց Չեխիայի ներկայացուցիչ Պյոտր Նովակի հետ եւ տպավորիչ հաղթանակով ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Երեւանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում:

Երկրորդ ռաունդում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, ռինգի մրցավարը հաշիվ բացեց: Եւս մեկ նոկդաուն էլ գրանցվեց երրորդ ռաունդում:

 


Ցերեկային մրցահերթում ռինգ դուրս կգան նաեւ Դավիթ Չալոյանը եւ Համբարձում Հակոբյանը:

Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ) կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի իսպանացի Այուբ Ղադֆա Դրիսիի հետ:

Համբարձում Հակոբյանը (80 կգ) մրցակիցը կլինի խորվաթ Լուկա Պլանտիչը: Մենամարտը տեղի կունենա B ռինգում 16:00-ից:

Երեկոյան մրցահերթում սպասվում է հայ-թուրքական դիմակայություն: 57 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Արթուր Բազեյանը կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Բաթուհան Չիտֆչիի հետ: Մենամարտը տեղի կունենա 19:00-ին B ռինգում: Գուրգեն Մադոյանը(67կգ) կմրցի վրացի Լաշա Գուրուլի հետ, իսկ Ռաֆայել Համբարձումյանի (86 կգ) մրցակիցը բելգիացի Վիկտոր Շչելստրայետն է: Երկու բռնցքամարտիկների մենամարտերը տեղի կունենան А ռինգում հաջորդաբար 19:00-ից հետո: 5-րդ մրցումային օրվա Հայաստանի ամենավերջին մասնակիցը կլինի 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որը B ռինգում կմենամարտի Հունաստանի ներկայացնող Վահան Նանիջանյանի հետ: