Ռուսական օկուպացիոն բանակն արդեն ոչնչացրել է ողջ ուկրաինական Դոնբասը եւ պատրաստ է շարունակել սպանել, Լյուքսեմբուրգի խորհրդարանում հեռակապով ելույթի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։

Ներկայում ծանր մարտեր են ընթանում Սեւերոդոնեցկ եւ Լիսիչանսկ քաղաքների շրջանում, ռուսական բանակին հաջողվել է վերահսկողության տակ առնել Սեվերոդոնեցկի մեծ մասը, քաղաքը ավերակների վերածելու գնով։


Դոնբասի վարչական սահմաններ դուրս գալու առաջադրանքը ռուսական բանակը կատարում է ուկրաինական բնակավայրերը ավերելու միջոցով, քանի որ կոնվենցիոն պատերազմում պարտվում է ուկրաինական բանակին։ Միեւնույն ժամանակ, Դոնբասի օկուպացված մասից Ռուսաստանի խորքերն է տեղահանվել մոտ 2 միլիոն մարդ։ Ավերված բնակավայրերում մնացածներին ՌԴ-ն փորձում է ռուսական անձնագրեր բաժանել, շրջանառության մեջ դնել ռուբլին, միաժամանակ այդ բնակավայրերից դուրս է բերվում քիչ թե շատ արժեք ունեցող ամեն ինչ՝ ցորենից ու մետաղից մինչեւ կենցաղային իրեր։

ՌԴ-ն ձգտում է ավելի շատ տարածք պոկել Ուկրաինայից, ռուս պաշտոնյաները հայտարարում են այդ տարածքները ՌԴ-ին միացնելու մտադրության մասին։ Կրեմլի խոսնակն ասել է, որ ներկայիս պայմաններում հանրաքվեն այդ տարածքներում Մոսկվան անհնար է համարում, դրա համար պետք է պայմաններ լինեն, միեւնույն ժամանակ, ըստ նրա, մարդիկ իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը։

Ավերված տարածքների չեղած բնակիչները։ Դա է «ռուսախոս բնակչությանը ցեղասպանությունից փրկելու» Կրեմլի հռչակած քաղաքականության էությունը։ Սեւերոդոնեցկում եւ Մարիուպոլում «ռուսաց աշխարհը» ցույց տվեց իր դեմքը։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/06/02/720913/