Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային վեճ չէ, դա Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի հարցն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Երեւանում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ նշել է ԱԺ նխագահ Ալեն Սիմոնյանը:
Նա նաեւ նշել է. «Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում առանցքային դեր պետք է խաղա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Միեւնույն ժամանակ, կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը չխախտել իրենց ռազմատենչ եւ ծավալապաշտական հռետորաբանությամբ Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության ապահովմանն ուղղված քայլերը:
Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության եւ բարեկեցության հաստատմանը եւ բազմիցս արձանագրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամությունը:
Համապարփակ խաղաղության հասնելու համար մենք օրակարգը լրացրեցինք մեր առաջարկություններով եւ հանձնեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ որքան էլ արդիական լինեն Հայաստանի կողմից հնչեցված կազմակերպության զարգացման առաջնահերթությունները, արդյունքների կարելի է հասնել միայն հավաքական անվտանգության համակարգի հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի, կառուցողական եւ արդյունավետ համագործակցության ու կազմակերպության անդամ պետությունների միջեւ դաշնակցային հարաբերությունների դինամիկ զարգացման շնորհիվ»: