Դանիացիների հետ պատասխան հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականի կորուստները հսկայական են, չեխերին 2:1 հաշվով հաղթելուց հետո մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը լրջագույն կադրային խնդիրներ է ունենալու հաջորդ խաղում, Պրահայից հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Միշտ չէ, որ հաղթում է ուժեղ թիմը: Ցանկանում էինք հաղթել եւ չէինք մտածում, թե ինչ ենք ցանկանում: Մենք այսօր խաղացինք առավելագույն հնարավորություններով, թեեւ կատարեցինք երեք արագ փոխարինում, որոնք ազդեցին խաղի վրա: Ինչ վերաբերում է մալթացիների հետ խաղին, ապա կորցրածը հետ չես բերի: Նայում ենք առաջ եւ մտածում ենք դանիացիների հետ խաղի մասին:
Փոխարինումների պատճառով խաղի պլանը փոխվում է, էլ չեմ ասում հիմնական դարպասապահի կորուստի մասին: Բերեզովսկին վնասել է ծունկը եւ պետք է հետազոտության ենթարկվի: Արասն ինքը փոփոխություն խնդրեց, Կամո Հովհաննիսյանը՝ եւս: Ուրախալի է, որ հաղթել ենք թե դանիացիներին, թե չեխերին: Այսօր մեծ կորուստներ ունեցանք, քանի որ Յուրա Մովսյիսանն ու Ռոբերտ Արզումանյանը բաց կթողնեն դանիացիների հետ խաղը: Հեռուն չենք նայում եւ գլխավորը մտածում ենք առաջիկա խաղի մեսին»,- նշեց Մինասյանը:
Լուսանկարը՝ news.am sport