«Այսօրվա մեր քննարկման առանցքում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթին՝ ԼՂ –ի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցերը»,- այսօր՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Վերահաստատել եմ ՀՀ Կառավարության պատարաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս համատեքստում առանցքային է ԼՂ-ի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և ԼՂ-ի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը։ ԼՂ-ի հակամարտության սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, և մենք շահագրգռված ենք ակտիվացնելու միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այս ձևաչափի գործունեությունը»,- նշեց Միրզոյանը։