Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, ԼՂ հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին և այլ թեմաների: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:
Ի՞նչ դիրքորոշում ունեք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սկսված պատերազմի վերաբերյալ։
Իհարկե, մենք շատ անհանգստացած ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով, բայց կարծում եմ, աշխարհի բոլոր երկրներն են անհանգստացած, որովհետև ի՞նչ ենք տեսնում հիմա։ Մենք տեսնում ենք աշխարհակարգի փլուզում, և ոչ մեկ չգիտի ինչպիսին կլինի հաջորդ աշխարհակարգը, և իհարկե, մենք աջակցում ենք բոլոր խնդիրների` երկխոսության ու խաղաղ ճանապարհով լուծմանը։
Այո, Դուք ասում եք, որ բոլոր երկրները ուշի ուշով հետևում են, բայց Ձեր երկրի համար մի փոքր այլ է: Ձեր տնտեսությունը սերտորեն կապված է Ռուսաստանի տնտեսության հետ, ի՞նչ ազդեցություն դա կունենա, մանավանդ, որ վերջինս ենթարկվում է Արևմտյան խիստ պատժամիջոցների:
Իհարկե, իրավիճակը հաճելի չէ մեզ համար տնտեսական առումով։ Բայց եթե անկեղծ լինեմ, առաջին եռամսյակում մենք արձանագրել ենք 8.6% տնտեսական աճ, և հույս ունենք կկարողանանք պահպանել այս դինամիկան։ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերից հետո շատ մարդիկ և բիզնեսներ Ռուսաստանից տեղափոխվել են Հայաստան, քանի որ մենք չեզոք տնտեսական գոտի ունենք, և թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ են: Այս իրավիճակում մենք հույս ունենք, և կարծում եմ, ի վիճակի կլինենք կառավարել տնտեսական այս իրավիճակը։ Բայց իհարկե, ոչ միայն Ռուսաստանի տնտեսական վիճակն է ուղղակիորեն ազդեցություն ունեցել Հայաստանի տնտեսության վրա, այլ նաև գլոբալ տնտեսական լարվածությունը՝ կապված օրինակ սննդի մատակարարման, գնաճի և շատ այլ գործոնների հետ։ Բայց այս պահին Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին դրական են։
Անդրադառնալով Հայաստանի տնտեսական ցուցանիշներին՝ Ձեր երկիրը մյուսներից ավելի լա՞վ վիճակում է։ Դուք ենթարկվո՞ւմ եք որևէ ճնշման՝ լինի դա Մոսկվայից, թե Արևմուտքից, որոնք վերաբերում են Հայաստանի հատուկ հարաբերություններին Մոսկվայի հետ:
Չեմ ժխտի, որ մեր երկրի և կառավարության վիճակը բավականին զգայուն է, բայց մենք փորձում ենք լինել ուղիղ, ազնիվ և վստահելի գործընկեր Ռուսաստանի, մեր եվրոպական և արևմտյան գործընկերների, մեր հարևանների համար։ Դա այնքան էլ հեշտ չէ, բայց կարծում եմ ղեկավարները նախատեսված են հենց այնպիսի իրավիճակների համար, ինչպիսին մենք այժմ ունենք, և մեր պարտականությունն է` կառավարել այս իրավիճակն ու պահպանել պատշաճ հարաբերություններ մեր գործընկերների հետ և ոչ մեկին չդավաճանել։