«Հրապարակ» թերթը գրում է. «Հայփոստի» ավելի քան 2 հազար 750 աշխատակից այս օրերին 13-րդ աշխատավարձ է ստանում: Այսինքն՝ տարեվերջին՝ դեկտեմբերին ստանալիք 13-րդ աշխատավարձը հունիսին են տալիս։ «Հայփոստ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը հաստատեց լուրը՝ նշելով, որ դա ոչ թե 13-րդ աշխատավարձ է, այլ ամանորյա հավելավճար:
- Իսկ ինչո՞ւ է ամանորյա հավելավճարը հունիս ամսին տրամադրվում:
- Դա տարեկան աշխատանքների համար նախատեսված գումար է` բոնուս-պարգեւատրում: Օրինակ` ես դեռ չեմ ստացել: Առաջ ամեն նոր տարվան մենք ստանում էինք կես աշխատավարձ, հիմա՝ այս տարի որոշվել է մարդկանց նման ձեւով խրախուսել:
- Իսկ ի՞նչն է պատճառը, որ որոշվել է վեց ամիս շուտ կամ ուշ պարգեւատրել աշխատակիցներին:
- Առիթ չկա: Պատկերացրեք, Դուք լավ եք աշխատել, եւ Ձեզ որոշել են պարգեւատրել, մյուս լրագրողը լավ չի աշխատել՝ Ձեզանից քիչ է պարգեւատրվել:
- Իսկ գուցե ամանորյա հավելավճարն աշխատակիցներին տրամադրվում է, որպեսզի ցույցերի՞ն չգնան, չբողոքեն։
- Դա վաղուց որոշված եւ բյուջեով նախատեսված ծրագիր է, որոշվել է նոր տարուց առաջ, մենք ցույցերի հետ ոչ մի կապ չունենք: Պետք չէ ոչ մի բան քաղաքականացնել:
- Քանի՞ աշխատակից է պարգեւատրվել:
- Չեմ կարող ասել: Հիմա ոչ մեկը դեռ չի ստացել, սպասում ենք, էս երկու օրը կստանանք: Չեմ էլ իմանում, թե ես ինչքան կստանամ: Նորից եմ կրկնում` դա մի տարի առաջ պլանավորած բան է: Նախորդ տարի ընդհանրապես չենք ստացել: Սրանք պետբյուջեով արվող ծախսեր են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում