«Հրապարակ» թերթը գրում է. ««Սեւ հովազ» ջոկատը՝ իր հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի գլխավորությամբ, ապրիլի վերջին անժամկետ նստացույց էր սկսել Ազատության հրապարակում։ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած հայտնի հայտարարություններից հետո «Սեւ հովազի» տղաներն առաջինն էին, որ դուրս եկան փողոց՝ պայքարի։ 44-օրյա պատերազմի ժամանակ, հիշեցնենք, զոհվեց նախ Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին` Ռաֆայել Գասպարյանը, իսկ Ռուստամ Գասպարյանը ծանր վնասվածք ստացավ գլխի շրջանում, ինչից հոկտեմբերի 17-ին մահացավ։ Սերոբ Գասպարյանից հետաքրքրվեցինք «Սեւ հովազի» առաջիկա քայլերի մասին, մասնավորապես՝ ինչու են լռում, նստացույցն ինչու դադարեցրին, արդյո՞ք դադարեցրել են պայքարը։

«Ժամանակավոր դադարեցրել ենք նստացույցը, բայց պայքարը չի դադարել ու չի դադարելու։ Ինչպես միշտ, իրական պայքարը սառեցնելու դուրս եկան մարդիկ, ովքեր մի քանի անգամ դուրս եկան փողոց եւ հուսախաբ արեցին ժողովրդին, իսկ մենք մեր մարտավարությունը փոխել ենք եւ մի փոքր ուշ հանդես կգանք նոր ծրագրով, որը կլինի ազգային գաղափարախոսության հաղթանակը»,- ասաց Սերոբ Գասպարյանը։


Ի՞նչ պայքարի մասին է խոսքը, կրկին փողոցայի՞ն, միայն իրենց ջոկա՞տն է լինելու, թե՞ այլ ուժեր եւս ներգրավված կլինեն։ «Աստծուց ու ժամանակից եկեք առաջ չանցնենք։ Կգա օրը, կիմանաք։ Միայն կարող եմ ասել, որ հզոր համախմբում է տեղի ունենում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում