Հայտնի է դարձել, որ ՌԴ Պետական դումա է մուտք արվել Ուկրաինայի անկախության ճանաչման որոշումը հետ կանչելու նախագիծը։ Կրեմլում ներկայում քննարկում են տարբերակներ Ուկրաինայի օկուպացված տարածքների հետագա կարգավիճակի վերաբերյալ․ խոսվում է դրանց անկախությունը ճանաչելու կամ հանրաքվեով ՌԴ-ին միացնելու մասին։ Տարբերակներից մեկով, ըստ հատուկ ծառայությունների «արտահոսքերի», քննարկվում է այդ տարածքներն «իսկական Ուկրաինա» ճանաչելու հարցը։
Ըստ այդ աղբյուրների, «իսկական Ուկրաինայի» նախագահը լինելու է նախկին նախագահ Յանուկովիչը, վարչապետը՝ Ազարովը, որոնք Մայդանից հետո փախել էին Ռուսաստան։ Այս պլանն իրագործելուց հետո նախատեսվում է Ռուսաստան-«Ուկրաինա»-Բելառուս միացյալ սլավոնական պետության հռչակումը։
Ուկրաինա ներխուժման առաջին օրերին, երբ Մոսկվան վստահ էր բլից-կրիգի հաջողությանը եւ Կիեւում իշխանության փոփոխությանը, Յանուկովիչը պատրաստվում էր ստանձնել նախագահի պաշտոնը։ Սակայն այս պլանների տապալումից հետո ՌԴ-ն այս փուլում փորձում է ամրանալ Ուկրաինայի հարավի եւ արեւելքի օկուպացրած տարածքներում։ Ըստ արեւմտյան եւ ուկրաինական հետախուզությունների, այս տարածքները Մոսկվան մտադիր է վերածել պլացդարմի՝ Պուտինի հռչակած «հողերը վերադարձնելու» քաղաքականության համար։
Ո՞ր տարբերակի վրա կանգ կառնեն Կրեմլում։ Փորձագետները նշում են, որ դա կախված է ռազմաճակատի իրադրությունից եւ Արեւմուտքի քաղաքական ու ռազմական որոշումներից․ եթե Ուկրաինան ստանա պահաջված զենքն անհրաժեշտ քանակներով, իրավիճակը կարող է կտրուկ փոխվել։