Քննչական ծիծաղելի աճպարարությունը. Կարդում եմ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի և MediaHub.am-ի լրագրողի և օպերատորի միջև Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում կատարված դեպքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչը որոշումը և շատ տարօրինակ հանգամանքներ բացահայտում: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Նա նաեւ նշել է. «Պարզվում է, որ ՊՊԾ բոլոր այն ծառայողները, որոնք եղել են դեպքի ականատեսներ, իրենց բացատրություններում հստակ նշել են, որ կատարվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցագործություն:


Առանց որևէ բացառության բոլոր ՊՊԾ ծառայողներն իրենց բացատրություններում պնդում են, որ կոնկրետ ծառայակիցը փակել է տեսախցիկի օբյեկտիվը, որպեսզի հնարավոր չլինի նկարահանել և լուսաբանել իրադարձությունը (ՊՊԾ պետի գործունեությունը): Բացի դրանից նրանք պնդում են, որ փորձել են հեռացնել լրագրողին դեպքի վայրից, սակայն լրագրողը և օպերատորն այդպես էլ չեն հեռացել: Կարդում ես ու մտածում, թե լավ, բա էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ արարքը դառնա լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտում:

Այս ամենից հետո քննիչը եզրահանգել է, թե հանցագործություն տեղի չի ունեցել: Շուտով բողոքը պատրաստ կլինի և կտեսնենք, թե դատախազությունում մնացե՞լ է արդյոք մասնագիտական արժանապատվությունը:

Քննիչի որոշումը բացահայտ ծաղրանք է քրեական իրավունքի նկատմամբ»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ին Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ընդդիմության ակցիայի ժամանակ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը խոչընդոտել է լրագրողի եւ օպերատորի աշխատանքը, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի նկատմամբ։

Խնդրին անդրադարձել եւ տեղի ունեցածը դատապարտել են լրագրողական կազմակերպությունները, Ժուռնալիստների միությունը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը: