Իսպանիայի ազգային օլիմպիական կոմիտեն (ԱՕԿ) տարածաշրջանային կառավարությունների միջև տարաձայնությունների պատճառով որոշել է հետ կանչել 2030 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հայտը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՕԿ-ի մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ Արագոնի և Կատալոնիայի ինքնավար համայնքների միջև մարզական միջոցառումների բաշխման շուրջ, որտեղ պետք է անցկացվեին խաղերը։


Միևնույն ժամանակ, ԱՕԿ-ը հավաստիացրել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), որ Իսպանիան նախատեսում է շարունակել աշխատել հանձնաժողովի հետ խաղերը կազմակերպելու համար՝ ապագայում ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու նպատակով։

2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման վայրը կհայտարարվի 2023 թվականին ՄՕԿ-ի նիստում։ 2030 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու ցանկության մասին ավելի վաղ հայտնել էին նաև ամերիկյան Սոլթ Լեյք Սիթին, կանադական Վանկուվերը և ճապոնական Սապորոն։

2026 թվականին ձմեռային Օլիմպիական խաղերը կընդունեն Միլանն ու Կորտինա դ’Ամպեցոն։

Մայիսի 16-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն իր կայքում հայտարարել էր, որ Ռուսաստանին և Բելառուսին թույլ չեն տվել մասնակցել 2026 և 2028 թվականների Օլիմպիական խաղերը ցուցադրելու հեռուստատեսային իրավունքների ձեռքբերման մրցույթին։ Մրցութային փաստաթղթերն ընդունվել են մինչև ապրիլի 25-ը։