«ՀԱՅԱ» փառատոնի ամենասպասված համերգներին մնացել են հաշված օրեր․ երեւանյան առաջին մենահամերգով փառատոնը կբացի ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ը, որի հետ երաժշտական հանդիպումը սպասվում է հունիսի 25-ին՝ Երեւանի Հրազդան մարզադաշտում:
«ՀԱՅԱ» փառատոնը հայտնում է, որ համերգային երեկոյի բացումը կանեն «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը եւ երիտասարդ հայ երաժիշտ Պարգը։ Համերգի հրավիրյալ կատարողն է հայտնի դուդուկահար Կամո Սեյրանյանը, որը հայկական դուդուկը կհնչեցնի նաեւ ZAZ-ի հետ համատեղ ելույթով:
Համերգային հարթակ դարձած «Հրազդան» մարզադաշտը իր նորացված տեսքով կհյուրընկալի ոչ միայն տեղացի հանդիսատեսին, այլեւ՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին։
Փառատոնի շրջանակում սպասվում են նաեւ համերգներ աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ի եւ Led Zeppelin Symphonic նախագծի մասնակցությամբ։ 50 Сent-ը հայ հանդիսատեսին կներկայանա հուլիսի 1-ին, Led Zeppelin Symphonic-ը՝ հուլիսի 9-ին: Ըստ փառատոնի հիմնադիր Սոննա Հովհաննիսյանի՝ այսքանով աստղային հյուրերի ցանկը չի սահմանափակվի․ արդեն բանակցություններ կան Հայաստան հրավիրելու նաեւ Ջենիֆեր Լոպեսին, Էնրիկե Իգլեսիասին եւ Շակիրային։
«ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձեւափ եւ ստանդարտներ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար: Ողջ տարածաշրջանում «ՀԱՅԱ» փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է: Այն նոր էջ է բացում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար եւ սեղծում տնտեսական զարգացման նոր խթաններ: Փառատոնի համերգները վայելելու է 30-50 հազար հանդիսատես:
«ՀԱՅԱ» փառատոնի հիմնադիրն է «Երևանյան Հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: