Ղազախստանը պատրաստ է օգտագործել իր ածխաջրածնային պոտենցիալը՝ համաշխարհային եւ եվրոպական շուկաներում իրավիճակը կայունացնելու համար։ Այս մասին ասել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում։ Տոկաեւի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։

«Նախագահը նաեւ Եվրամիությանը կոչ է արել համագործակցել այլընտրանքային միջմայրցամաքային միջանցքների զարգացման հարցում, ներառյալ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին։ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը անհանգստություն է հայտնել նաեւ աշխարհում էներգետիկ անվտանգության սպառնալիքների հետ կապված։ Ղազախստանը, նրա խոսքով, պատրաստ է օգտագործել իր ածխաջրածնային պոտենցիալը՝ համաշխարհային եւ եվրոպական շուկաներում իրավիճակը կայունացնելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։


Տոկաեւը նաեւ Միշելին հիշեցրել է, որ Ղազախստանը Կենտրոնական Ասիայում առաջին երկիրն է, որը Եվրամիության հետ ստորագրել է Ընդլայնված գործընկերության եւ համագործակցության համաձայնագիր, որը Ղազախստանի եւ ԵՄ-ի հարաբերությունները «բարձրացրել է նոր մակարդակի»։

«Մեր երկիրը հավատարիմ է ԵՄ-ի՝ Ղազախստանի ամենամեծ առեւտրային գործընկերոջ հետ կայուն կապերի զարգացման գործին»,- նշվել է հաղորդագրությունում։