Վերջին տասնամյակների ընթացքում աստղագետները հայտնաբերել են երիտասարդ աստղերից ուղղորդված մեծ թվով արտահոսքեր, որոնք բարձր արագությամբ տարածվում են միջաստղային միջավայրում: Նրանց ուսումնասիրության ուղղությամբ կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, սակայն դեռևս առկա են մի շարք չլուծված հարցեր: ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Տիգրան Մաղաքյանի ղեկավարությամբ արդեն 15 տարի այս ուղղությամբ իրականացնում են ուսումնասիրություն` աշխարհում առաջին անգամ կիրառելով նոր մեթոդ՝ սպեկտրալ առանձնացված կառուցվածքների սեփական շարժումների հետազոտություն: «Հետազոտությունը հնարավորություն տվեց ստանալ այդ արտահոսքերի եռաչափ ընդհանուր պատկերը, որը մեկն է տվյալ շարքի ուսումնասիրությունների շնորհիվ ստացված արդյունքներից: Ապացուցվեց, որ արտահոսքերի մեջ դիտվող խտացումներն առաջանում են պարբերական ժայթքումների, այլ ոչ ներքին ալիքային գործընթացների հետևանքով: Ստացված արդյունքները կարևորագույն նշանակություն ունեն արտահոսքերի առաջացումը և ներքին ֆիզիկան հասկանալու համար»,– ասում է Տիգրան Մաղաքյանը:
Գիտական արդյունքը ստացվել է «Աստղային ուղղորդված շիթերում սկանավորող Ֆաբրի-Պերո ինտերֆերոմետրիայով առանձնացված կառուցվածքների սեփական շարժումների ուսումնասիրությունը» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության պետական կոմիտեի աջակցությամբ: Անհրաժեշտ տվյալները ստացվել են Ռուսաստանի աստղաֆիզիկական աստղադիտարանի հետ համագործակցության արդյունքում՝ 6 մետրանոց դիտակի միջոցով:
«Աստղային ուղղորդված շիթերում սկանավորող Ֆաբրի-Պերո ինտերֆերոմետրիայով առանձնացված կառուցվածքների սեփական շարժումների ուսումնասիրությունը» ծրագրի շրջանակներում գրված գիտական աշխատանքները տպագրվել են «Astronomy & Astrophysics» եվրոպական ամսագրում: Այդ աշխատանքների հղումների թիվը 60-ից ավելի է: