«Փաստ» օրաթերթը գրում է. «Ամբողջ աշխարհում գնալով մտահոգիչ է դառնում ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլև պարզապես էներգետիկ ապահովվածության խնդիրը: Բնականաբար, այնպիսի երկրների համար, որոնք վառելիքի սահմանափակ պաշարներ ունեն կամ ընդհանրապես չունեն, այս խնդիրն առավել սուր է դրված:

Հայաստանը, բնականաբար, բացառություն չէ: Այս խնդիրը մեր երկրի համար միշտ խնդրահարույց է եղել: Իսկ հիմա, երբ 44-օրյա պատերազմից հետո էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող հիդրոէլեկտրակայանների մեծ մասը մնացել են Արցախի՝ թշնամու կողմից զավթված տարածքներում, վիճակը առավել լուրջ է դառնում:


«Փաստ» թերթի հետ զրույցում էներգետիկ փորձագետները նշում են, որ մեր երկիրն իսկապես լուրջ անելիք ունի այս առումով: Նրանցից մեկը մասնավորաբար նշում էր, որ մեզ համար մեծ շռայլություն է արևային էներգիայի լիարժեք չօգտագործումը: «Մեր բոլոր կառավարությունները խոսել են արևային էներգիայի օգտագործման ծավալների ընդլայնման մասին, բայց փաստը մնում է փաստ, որ ներկայում էլ Հայաստանում կա արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն՝ «Սոլարոնը»»:

Փորձագետը նաև հավելեց, որ շատ բարդ է միայն մեկ արտադրողով շատ մեծ արդյունքներ գրանցել, թեպետ, միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ արդեն իսկ բավական մեծ թվով ընտանիքներ, կազմակերպություններ արևային վահանակներ են տեղադրում:

«Սակայն դա բավարար չէ: Ցանկալի է, որ ավելի շատ ընտանիքներ ներգրավվեն արևային էներգիայի ծրագրերում, քանի որ նախ՝ դա արագ վերադարձելիություն ունի, հետո՝ տասնամյակներ շարունակ կունենան ձրի էներգիա, վերջապես կկարողանանք լուծել մեր երկրի էներգետիկ անվտանգության խնդիրը»,-ասաց փորձագետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում