Հարեւաններից տնտեսական առումով հետ չմնալու համար Հայաստանը ստիպված կլինի մեծացնել ներդրումների ներգրավման մակարդակը։ Այն պետք է հասնի տարեկան 30-40 տոկոսի։ Այս մասին հուլիսի 22-ին «Հայաստանում գործարար միջավայրի բարելավում» USAID ծրագրի կողմից մշակված ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ներդրումների ծավալը, նրա խոսքով, պետք է հասցնել 25 տոկոսի։ Սա վերաբերում է նաեւ օտարերկրյա ներդրումներին։ Դրանք պետք է հասնեն 6 տոկոսի։ Ներկայինները չեն գերազանցում 1,7 տոկոսը։
«Նման աճն անհրաժեշտ է հարեւան երկրներից հետ չմնալու համար։ Սակայն մեր ՀՆԱ-ն նույնպես տեղում կանգնած չէ։ Հիշեցնեմ, որ հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10,2 տոկոսով։ Ուստի ներդրումները պետք է աճեն տարեկան 20-30 տոկոսով։ Այս դեպքում մինչեւ 2024 թվականը մենք կկարողանանք հասնել իմ նշած թիրախային ցուցանիշներին»,- պարզաբանեց նախարարը։
Համեմատության համար նա հիշեցրեց, որ կուտակված ներդրումների ծավալը 2021 թվականի արդյունքներով կազմել է 1,43 տրիլիոն դրամ։ Սա 10 տոկոսով բարձր է, քան նախորդ տարի։