Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կանխատեսել է, որ Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը դարձյալ կավարտվի կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթիի» չեմպիոնությամբ։
«Անհավանական պայքար է սպասվում նոր մրցաշրջանում։ Պատկերացում չունեմ, թե որ թիմերն են լինելու չեմպիոնական մրցավազքում։ Սա Անգլիան է, ամեն ինչ անկանխատեսելի է։ Բայց ամենայն հավանականությամբ՝ վերջում դարձյալ տիտղոսը կնվաճի «Մանչեսթեր Սիթին»։ Եթե մենք մեկ անգամ չդառնայինք առաջինը, «Մանչեսթեր Սիթին» հինգ կամ վեց տարի անընդմեջ կնվաճեր տիտղոսը։
Մեր նպատակն է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը եւ լավագույն մրցաշրջան անցկացնելը։ Անհամբեր սպասում եմ առաջնության մեկնարկին»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Պրեմիեր լիգայի անցած առաջնությունում «Լիվերպուլը» չեմպիոնի տիղտոսը նվաճած «Մանչեսթեր Սիթիից» հետ մնաց 1 միավոր։
Նոր մրցաշրջանի առաջին տուրում «Լիվերպուլը» օգոստոսի 6-ին կհյուրընկալվի «Ֆուլհեմին»։ «Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 7-ին Լոնդոնում կմրցի «Վեստ Հեմի» հետ։