Սեպտեմբերի 8-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և կազմակերպմամբ Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ «Հայաստանի օր» բարեգործական միջոցառումը, որին իրենց մասնակցությունը բերեցին արգենտինահայ համայնքային կազմակերպություններն ու միությունները։
ԱԳՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում ավելի քան հազար այցելուներին ներկայացվեցին Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերի լուսանկարները, հայկական ավանդական կերակրատեսակները, ձեռագործ հուշանվերները։ Ելույթներով հանդես եկան արգենտինահայ համայնքի երգի և պարի համույթները, ինչպես նաև անհատ երաժիշտ-կատարողներ։
Հիշյալ միջոցառման ընթացքում գոյացած ողջ հասույթը կտրամադրվի Երևանի «Զատիկ» և «Մարի Իզմիրլյան» մանկատների վերանորոգման աշխատանքներին։