Փաստաբան Ռուբեն Սահակյանի պրակտիկայում Տիգրան Խաչատրյանի գործի նման պրիմիտիվ գործ չէր եղել: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարելով այս մասին նա նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի որդին կրակել է միայն ինքնապաշտպանությունից դրդված:

Ասուլիսի ընթացքում նա ներկայացրեց Լորետա Բարսեղյանի և Սուրիկ Խաչատրյանի քույր` Մարիետայի խոսակցությունը, որից պարզ է դառնում, որ դեպքերի ժամանակ Սուրիկ Խաչատրյանն իսկապես քնած է եղել: Նա ներկայացրեց նաև մի խոսակցություն, որը եղել է դեպքից կես ժամ անց, երբ Սուրիկ Խաչատրյանի կինն իրենց հարազատներին պատմում է տեղի ունեցածը: «Լորետան լացակումած պատմում է դեպքը: Երբ հարցնում են մարզպետը ուր է, ասում է՝ քնած է, երբ հարցնում են՝ դեպքի ժամանակ ուր է եղել մարզպետը, ասում է՝ քնած է եղել», - նշեց նա:

Լրագրողների այն դիտարկմանը, թե Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը նաև ներկայացնում է Լորետա Բարսեղյանի հետևյալ արտահայտությունը, թե «Սուրիկ, բա ասում էիր էլ նման բան չի լինի», նա նշեց, որ չի տիրապետում այդ նյութերին, հետևաբար մեկնաբանել չի կարող: