Բելառուսի պաշտպանության նախարարությունը հերքել է ավելի վաղ սոցցանցերում հայտնված տեղեկությունը Գոմելի մարզի Զյաբրովկայի ռազմական օդանավակայանի տարածքում պայթյունների մասին։ Գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվել է, որ օդանավակայանում տեղի է ունեցել մեքենաներից մեկի շարժչի բռնկում ստուգողական վազքի ժամանակ։
«Տուժածներ չկան»,- նշել են պաշտպանության նախարարությունում։
Նշենք, որ երեքշաբթի՝ օգոստոսի 9-ին, ժամը մոտ 17.00-ին, «Գոմել» օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ օդատիեզերական ուժերի Իլ-76 ինքնաթիռը, որը կարող էր հրթիռներ բերել С-300 եւ С-400 զենիթահրթիռային համալիրների համար։ Այս մասին տեղեկացրել են «Беларуски Гаюн» մոնիթորինգային հանրույթի թելեգրամ-ալիքում։
Նշվել է, որ ինքնաթիռը օդանավակայանից դուրս է եկել մեկուկես ժամ հետո՝ 18.30-ին։
«Մենք ենթադրում ենք, որ ինքնաթիռը Բելառուս է բերել հրթիռների հերթական խմբաքանակը, քանի որ ժամը մոտ 19.00-ին Գոմելից М8 մայրուղու ուղղությամբ նկատվել են ամբարձիչ եւ երկու տրալ, որոնք 4-ական հրթիռ են փոխադրել С-300/400 ԶՀՀ-ների համար։ Չի բացառվում, որ հրթիռները փոխադրվում են Զյաբրովկայի օդանավակայան, որտեղ կենտրոնացած են ՌԴ ԶՈւ-ի ուժերը»,- նշվել է հաղորդագրությունում։