ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում հերքեց «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հնարավոր ահաբեկչության մասին շրջանառվող վարկածը։

«Պայթյունի պահի տեսանյութը դիտելով` ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել ահաբեկչության մասին, որովհետեւ նախ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետեւ պայթյուն։ Այսինքն` ներսում կրակ է եղել, այն տարածվել է պայթուցիկ նյութերի վրա, այդ պատճառով է պայթել։ 99–տոկոսանոց փաստ է»,– ասաց նա։


Հիշեցնենք, որ նախօրեին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կա 6 զոհ։ Զոհերի անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։

Վերջին տեղեկություններով՝ պայթյունի հետեւանքով որոնվում է 15 քաղաքացի։ Առողջապահության նախարարությունն այսօր հայտնել է, որ պայթյունի հետեւանքով բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է ստանալ 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։