Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը ֆեյսբուքյան գրառումով մեկնաբանել է Հայաստանի թիմի հաջողությունները Մյունխենում ավարտված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում։

«Վերջին տարիներին մեր մարզիկները պարզապես պատմություն են կերտում ՝ միջազգային բոլոր հեղինակավոր մրցաշարերում (Աշխարհի գավաթ, Եվրոպական օլիմպիական խաղեր, համաշխարհային ուսանողական խաղեր, Եվրոպայի առաջնություն, Աշխարհի առաջնություն, Օլիմպիական խաղեր) նվաճելով ամենատարբեր հարկի մեդալներ։ Անձամբ ներկա լինելով որոշ միջազգային մրցաշարերի ՝ պարզապես անբացատրելի հիացմունքի և հպարտության ակնթարթներ եմ ապրել ՝ տեսնելով միջազգային ամենատարբեր մրցաշարերում մեր մարզիկների աճող հեղինակությունը։ Վստահեցնում եմ բոլորիդ ՝ հայկական մարմնամարզությունը համաշխարհային մարմնամարզության մեջ ունի մեծ հեղինակություն և վայելում է ոլորտում աշխարհի պրոֆեսիոնալների հարգանքը։


Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել թիմի ավագ Հարություն Մերդինյանին, ով 38 տարեկանում էլ մայրցամաքի ամենաուժեղ մարմնամարզիկներից մեկն է համարվում, ում մարզական անցած ճանապարհը պարզապես հպարտանալու է, օրինակելի և ուսուցողական իրեն փոխարինող սերնդի համար։

Ցանկանում եմ ևս մի անչափ կարևոր իրողության մասին խոսել. վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի երիտասարդների առաջնություններից նվաճել է 4 մեդալ (1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե), իսկ միայն մյունխենյան Եվրոպայի առաջնությանը (2022թ.) մեր երիտասարդ մարմնամարզիկները նվաճեցին 3 մեդալ (1 ոսկե և 2 արծաթե)։

Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ մեր պատմություն կերտած մարզիկներին գալիս են փոխարինելու երիտասարդներ, որոնք անպայմանորեն կշարունակեն իրենց մեծ եղբայրների հզոր և փառապանծ ճանապարհը։

Եվ իհարկե, ևս մեկ անգամ ցանկանում եմ երախտիքի խոսք հնչեցնել մեր փառապանծ մարզիչներին, տղամարդկանց հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ։ Շնորհակալություն ձեզ ձեր կատարած աշխատանքի համար»,- գրել է Գագիկ Վանոյանը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հարություն Մերդինյանը ոսկե մեդալ նվաճեց նժույգի վարժությունում։ Արթուր Դավթյանը երկրորդն էր հենացատկում։

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում չեմպիոն դարձավ Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտ), կրկնակի արծաթե մեդալակիր՝ Համլետ Մանուկյան (նժույգ թափեր, օղակներ):