Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Դանիայից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Այս մասին գրում է armsport.am-ը:

- Երբ երկու խաղում 5 հարկադրված փոփոխություն ես կատարում, ինչ-որ բան ասելը դժվար է: Ես ուղղակի շնորհակալություն եմ ուզում հայտնել տղաներին, որ պայքարեցին մինչեւ վերջ: Ես միայն լավ խոսքեր կարող եմ ասել նրանց հասցեին:

- Ինչո՞վ էր պայմանավորված այն, որ հենց սկզբից նախաձեռնությունը զիջեցիք մրցակցին:

- Նախաձեռնությունը չէինք զիջել: Ամեն թիմ խաղում է այնքան, որքան դիմացի թիմն է թույլ տալիս: Մենք նախաձեռնությունը զիջել մտադիր չէինք:

- Երկրպագուները ասում են, որ դանիացիների բախտը բերեց: Դուք համաձա՞յն եք:

- Մենք պարտվել ենք… Ես խոսեմ մեր թիմից: Ես միայն շնորհակալ եմ տղաներից: Նրանք ցուցաբերեցին հայրենասիրություն, պայքարեցին, իսկ վերջում էլ 10 հոգով էինք գործում:

- Մարկոսը խաղային պրակտիկա չունի: Ինչո՞վ էր պայմանավորված նրա հիմնական կազմում հայտնվելը:

- Մարկոսը դուրս եկավ խաղադաշտ, քանի որ մենք ցանկանում էին ավելի շատ գնդակ պահել, իսկ Մարկոսն ավելի լավ է գնդակ պահում, քան Սարկիսովը:

- Կարծեք Երեւանում կախարդված է… Բոլոր խաղերում պարտվել ենք…

- Ցիկլի ավարտից հետո կպատասխանեմ այդ հարցին: Այժմ, չեմ կարող:

- Կառլենի փոխարեն ինչո՞ւ հարձակվող դուրս բերեցիք ասպարեզ:

- Մենք խաղացինք այն ոճով, որով սովոր ենք խաղալ:

- Մկրտչյանի եւ Սարկիսովի վնասվածքներն որքանո՞վ են լուրջ:

- Ստույգ չեմ կարող ասել, բայց լուրջ վնասվածքներ չեն:

- Կարելի՞ է ասել, որ այս խաղից հետո կենտրոնանալու ենք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վրա:

- Ոչ մենք կենտրոնանալու ենք Բուլղարիայի հետ հանդիպման վրա, սակայն որոշ նկատառումներ կունենանք: