Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ներկա է գտնվել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության պետական արարողությանը:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Խաչատուրյանը մասնակցել է Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի հրաժեշտի արարողությանը, գրառում կատարել Լանկաստերի պալատում բացված սգո մատյանում:
Նախագահը մասնակցել է Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում։
Երեկ առավոտյան նախագահ Խաչատուրյանը մասնակցել է Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի հրաժեշտի պատարագին, որը տեղի է ունեցել Ուեստմինստերյան աբբայությունում, որից հետո նախագահը ներկա է գտնվել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի կողմից կազմակերպված ընդունելությանը:
Ընդունելությունների ժամանակ նախագահ Խաչատուրյանն առանձնազրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների և միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հանդիպումների ընթացքում նախագահն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանն, ինչպես նաև միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին։
Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, աշխարհաքաղաքական իրադարձություններին։
Հիշեցնենք, որ Վահագն Խաչատուրյանը բրիտանական մամուլում բուռն քննադատության է արժանացել այն բանի համար, որ թագուհի Եղիսաբեթ 2-րդի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ Վեստմինստերյան սրահում լուսանկարվել և զրուցել է իրեն ուղեկցողների հետ: