Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը։

Արցախի ԱԳն-ից  հայտնում են, որ նախարար Բաբայանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանում հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախում տիրող իրավիճակին։


Նախարարը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. Արցախը կարևորում է խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ։

Դավիթ Բաբայանը նաև ընդգծել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ շեշտելով, որ բռնապետական Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ագրեսիվ և ցեղասպան քաղաքականությունն Արցախի նկատմամբ հղի է լուրջ մարտահրավերներով. անտարբերությունը, առավել ևս ռազմատենչ քաղաքականության խրախուսումը առաջացնելու են գոյաբանական վտանգներ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։

Խոսելով Ամերիկայի հայկական համայնքի մասին՝ նախարարը նշել է, որ այն Սփյուռքի ամենակայացած և ուժեղ հատվածներից է։ Դավիթ Բաբայանը նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ ժողովրդին և կառավարությանը ամերիկահայերի հանդեպ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի համար։

Միջոցառման ընթացքում նախարարը բարձր է գնահատել նաև ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դատապարտման գործում՝ այն համարելով ժողովրդավարության և մարդասիրության սկզբունքների օրինակելի դրսևորում։

Միջոցառմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։