ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնական նամակ է հղել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ներկայացնելով 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա և դրա հետևանքները: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նամակում նշվել է, որ ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինուժի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Մասնավորապես, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից տեղահանվել է առնվազն 7600 հոգի։ Տեղահանվածների ճնշող մեծամասնությունը կանայք, երեխաներ և տարեցներ են, որոնց թվում՝ նաև հաշմանդամություն ունեցող անձինք։
Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ընդհատվել է ուսումնական գործընթացը հանրակրթական ու նախադպրոցական հաստատություններում՝ պայմանավորված երեխաների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Արդյունքում Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի 172 դպրոցներում սովորող 24873 դպրոցական և 69 մանկապարտեզների 5808 նախադպրոցական տարիքի երեխաներ զրկվել են կրթության և բարեկեցիկ ապագայի իրավունքից: Վտանգված է նաև այդ մարզերում գործող արտադպրոցական ուսումնական հաստատությունների, քոլեջների և բուհերի գործունեությունը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ սովորողների, ուսուցիչների և հաստատությունների թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի և կրթության իրավունքի կոպտագույն խախտումն անընդունելի է ցանկացած պարագայում և պետք է խստորեն դատապարտվի:
Նամակով ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը դիմել է Օդրի Ազուլեին՝ խնդրելով արձագանքել ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացած ծանր սպառնալիքին և դատապարտել Ադրբեջանի նմանօրինակ թշնամական գործողությունները՝ այդպիսով նպաստելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի հիմնարար սկզբունքների հետագա խախտումների կանխարգելմանը և կրթության իրավունքի, բռնի տեղահանված բնակչության իրավունքների, ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության իրավունքների ապահովմանը։
Նամակին կցվել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստված հատուկ զեկույցը: